

ԿԸՀ-ն սկսել է հրապարակել Երեւանի ավագանու ընտրությունների առաջին նախնական արդյունքները։ Քվեաթերթիկների ավելի քան 11 տոկոսի (62 ընտրատեղամաս) մշակումից հետո մեծ առավելությամբ առաջատար է ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 69․19 տոկոսը (26900 ձայն). Երկրորդ տեղում «Ելք» ընդդիմադիր դաշինքն է 22,74 տոկոսով (8842)։ «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը ստանում է ձայների 8,07%-ը (3137)։
Ավագանու ընտրություններին, կրկին ըստ նախնական տեղեկությունների, 842147 ընտրողից մասնակցել է 345.226-ը կամ 40.99%-ը,ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ տվյալները ստացվել են էլեկտրոնային եղանակով:
Քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» ընդդիմադիր դաշինքը ու վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածուներն են համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակի Երեւանի քաղաքապետին։