Հաղորդումներ խախտումների մասին եւ դրանց արձագանքները


Երեւանի ավագանու ընտրություններն այսօր դիտարկել է տեղական 17 կազմակերպությունից 5 138 դիտորդ: Հատկանշական է, որ այս ընտրությունների նկատմամբ մեծ չէ միջազգային ուշադրությունը՝ ոչ դիտորդական կազմակերպությունների, ոչ էլ ԶԼՄ-ների կողմից: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է արտասահմանյան ընդամենը 3 լրատվամիջոց, իսկ դիտարկման համար հավատարմագրվել է մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը:
Բաց քվեարկություն, ընտրողների ուղղորդում, դիտորդների լիազորությունների սահմանափակում եւ խոչընդոտում, ընտրակաշառքի բաժանում, կարուսելի փորձ. սա այն ավանդական ընտրախախտումներն են, որոնց մասին մշտապես բարձրաձայնում են դիտորդներն ու վստահված անձինք: Խախտումների առումով այս ընտրությունները բացառություն չէին: Ընդդիմադիր ուժերը ողջ օրը փորձել են արձանագրել խախտումների փաստեր: Դեպքերից մեկը սպառնում էր վերածվել լուրջ առճակատման:
Այսպես էին ոստիկանները Հանրապետական կուսակցության շտաբից հանում Զարուհի Փոստանջյանին եւ փորձում նստեցնել ավտոմեքենա: Քաղաքական գործիչը պնդում էր, որ հենց այդ շտաբում հնարավոր էր արձանագրել ընտրակաշառք բաժանելու փաստը: Հանրապետական կուսակցության շտաբից պատասխանը սպասեցնել չտվեց՝ ընդդիմադիր գործընկերներին նախ՝ հորդորեցին չլարել իրավիճակը:
Ավագանու ընտրությունների ընթացքը դիտարկելու համար, ի դեպ, գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբը: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը լրագրողներին փոխանցեց, որ կոնկրետ զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպում ոստիկանների կողմից լիազորությունների գերազանցման փորձ չեն արձանագրել:
Ոստիկանությունն իր հերթին այսօր օրվա երկրորդ կեսին ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել էր 14 ահազանգ: 1-ը ստացվել էր քաղաքացիներից, 5-ը՝ ոստիկանության ծառայողներից, 1-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ կուսակցությունների եւ դաշինքի վստահված անձանցից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խումբը նույնպես հետեւել է ընթացքին: Մի քանի դիմում է ստացել քվեարկության սահմանված կարգի խախտման վերաբերյալ: ՄԻՊ աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած շուրջ 73 հաղորդում: Հաղորդումները հիմնականում վերաբերել են ընտրատեղամասերում եւ նախընտրական շտաբերում կուտակումներին, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, ընտրատեղամասերի կահավորման, քվեարկության սահմանված ընթացակարգի հետ կապված հարցերին:
Այսօր դիտորդական առաքելություն իրականացնողներից է նաեւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Լսենք նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից Լուսինե Հակոբյանին:
Ի դեպ, այս ընտրություններում պարզվել է, որ ընտրացուցակները դեռ ամբողջությամբ պատշաճ ձեւակերպված չեն: Ամեն ինչը սկսվեն այն բանից, որ «Քաղաքացի դիտորդ»-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել, որով տեղեկացնում էր, թե ընտրողների ցուցակում մահացածի անուն կա: Արդյունքում՝ պարզվեց, որ ընտրացուցակներում մահացած մարդու անունը միակը չէ: Ոստիկանությունից պարզաբանում տարածեցին, թե մոտ 2 000 անձանց մահվան տվյալները սահմանված կարգով գրանցված չեն եղել իրավասու մարմնում: Արդյո՞ք նրանք քվեարկել են, թե ոչ՝ պարզ կդառնա վաղը, երբ սահմանված կարգի համաձայն կհրապարակվի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները: