Տնտեսական

Ռուսաստանում հայկականի պանրի ներկրման ժամանակ ստուգումների օրենքով նախատեսված ժամկետները չեն պահպանվում՝ ահազանգում է պանրագործը

Հայաստանում այսօր գործում է պանիր արտադրող ավելի քան 60 կազմակերպություն: Դրանք խոշոր, միջին եւ փոքր արտադրություններ են:

Վերջին տարիներին Հայաստանում պանրի արտադրության ծավալները եղել են 18 հազար տոննայի շրջանակներում, իսկ անցած տարի արտադրվել է 22 հազար տոննա: Այսինքն, անցած տարի, նախորդ տարիների համեմատ, շուրջ 20 տոկոս աճ է արձանագրվել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանի խոսքով՝ Հայաստան պանրի ներմուծումը շուրջ 1200 տոննա է, իսկ Հայաստանից արտահանվել է մոտ 1500 տոննա պանիր:

Մինչդեռ, ըստ գյուղնախարարության ներկայացուցչի, Հայաստանն այս ոլորտում ունի շատ ավելի մեծ ներուժ, որը չի օգտագործվում։ «Օգտագործվում է պանրի արտադրության արտադրական հզորությունների մոտ 40 տոկոսը: Այս առումով, մենք լուրջ պոտենցիալ ունենք՝ արտահանման եւ արտադրության ծավալների ավելացման տեսակետից: Սակայն, շեշտադրումը պետք է կատարվի ավելի թանկարժեք եվրոպական տեսականիների վրա»:

Նման տեսականու արտադրությունն սկսված է, բայց ծավալները՝ նաեւ արտահանման առումով, դեռեւս ցածր են՝ ասաց Գեւորգ Ղազարյանը: Նա վստահեցրեց, որ ոլորտը կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է: Ոլորտի վերաբերյալ շուտով կլինի առանձին ռազմավարություն եւ զարգացման գործողությունների ծրագիր: Մինչ այդ, այսօր պանրագրոծներին պետությունն աջակցում է՝ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու գործում: Նրանք նաեւ հումքի մթերման եւ վերազինման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույթների մասնակի սուբսիդավորման հնարավորությունից են օգտվում:

Գեւորգ Ղազարյանի խոսքով՝ պանիր արտադրողների խնդիրներից մեկը եվրոպական ստանդարտներին համապատասխան տեսականու եւ որակի ապահովումն է, ինչը կնպաստի արտահանման ծավալների աճին: Խնդիրներից են նաեւ մասնագետների եւ սարքավորումների պակասը: Ընկերությունները բավարար ծավալով ներդրումներ չեն անում, քանի որ դրանց վերադարձելիության ժամկետները երկար են:

Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի խոսքով, սակայն, ոլորտի հեռանկարների մասին խոսել հնարավոր չէ, քանի դեռ խնդիր կա հումքի հետ կապված: Ըստ նրա՝ կաթի արտադրության ամբողջ համակարգը պիտի վերանայվի: Դրա համար կամք է պետք:

Ինչ վերաբերում է արտահանմանը. Արմեն Գիգոյանի խոսքով՝ հիմնականում Ռուսաստան է արտահանվում մեր պանիրը, մինչդեռ՝ պետք է մտածել նաեւ այլ ուղղությունների մասին: Պանրագործների միությունը արձանագրել է նաեւ խնդիրներ` Ռուսաստանի սահմանային անցման հետ կապված։ «Կանգնեցնում են մեքենաները եւ շատ երկար ժամանակ անցնում ստուգումների: Մինչդեռ, ըստ ռուսական օրենսդրության, դա 72 ժամը չպետք է գերազանցի: Մեր դեպքում՝ դեպքեր են եղել, որ մեկ ամսից ավել մեքենաները մնացել են այնտեղ: Դա անհարգալի վերաբերմունք է ո՛չ միայն հայ գործարարի հանդեպ»:

Պանրագործների միության նախագահը չի բացառում, որ Ռուսաստանում խնդիր տեսնում են Հայաստանի միջոցով ոչ հայկական պանիրների արտահանման առումով, բայց միայն Հայաստանի դեպքում է, որ ստուգումների համար օրենքով նախատեսված ժամկետները պարզապես չեն պահպանվում, ինչն էլ ունենում է իր շղթայական հետեւանքները: Այստեղ պանրագործների միության նախագահը տեսնում է պետական միջամտության եւ կարգավորման անհրաժեշտություն:

Ցուցադրել ավելի
Back to top button