Տնտեսական

Մենք մեր արած գործին ավելի շատ ենք հավատում, քան միջազգային կառույցները. փոխնախարար


Համաշխարհային բանկի ու Հայաստանի կառավարության՝ 2017թ տնտեսական աճի կանխատեսումները շարունակում են իրարից տարբերվել:  Կառավարությունը շարունակում է  պնդել՝ տարեվերջին նվազագույնը 3,2 տոկոս աճ ենք ունենալու: Մինչդեռ, միջազգային կառույցների , օրինակ, ՀԲ վերջին կանխատեսումներում երեք տոկոսից պակաս աճ է նախանշում: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  բնական է համարում միջազգային կառույցների  ու կառավարության կանխատեսումների տարբերությունը: Նշում է, որ  միջազգային կառույցների կանխատեսումները կառավարության ամրագրած ցուցանիշերից ցածր են, քանի որ  նախորդ տարիներին Հայաստանի ներուժը  նվազել է: Իրենք պատկերացնում են, որ կառավարությունն այդ ներուժի սահմաններում է մնալու, ջանքեր չի գործադրելու ավելիին հասնելու համար:  Փոխնախարարի այս հայտարարությունից հետո մեր՝  «միջազգային կառույցները տեղյակ չե՞ ն, որ Հայաստանում կառավարություն է  փոխվել, քաղաքականություն է փոխվել», հարցին  պատասխանել է՝   «Իհարկե տեղյակ են, ամեն ինչից էլ տեղյակ են, բայց մենք մեր արած գործին ավելի շատ ենք հավատում, քան իրենք»:

 

ՀԲ վերջին կանխատեսումների համաձայն,  2017թ Հայաստանի տնտեսության աճի տեմպը կկազմի 2,7 տոկոս: Ցուցանիշերը ներառված են երեկ հրապարակված «Առևտուրն անցումային փուլում»զրեկույցում: Ըստ ՀԲ-ի՝ այդքան աճն արտացոլում է Հայաստանի արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայնումը և ներքին սպառման համեստ վերականգնումը: Զեկույցում նշվում է, որ միջնաժամկետ աճը կանխատեսվում է ՝  միջինը տարեկան 3-3.5%՝  հաշվի առնելով քաղաքականության ներքին դաշտի թերությունները և արտաքին միջավայրում պահպանվող անորոշությունները:

Հայաստանի կառավարությունում սակայն շարունակում են պնդել՝ տարեվերջին տնտեսական աճը կգերազանցի խոստացված՝ 3,2 տոկոսը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  բնական է համարում միջազգային կառույցների  ու կառավարության կանխատեսումների տարբերությունը. «Այն տարբերությունը, որը դուք տեսնում եք ՀԲ և  ԱՄՀ կանխատեսումներում, այդ տարբերությունը կարող եք համարել այն ջանքը, որ կառավարությունն իր առաջ նախանշում է: Մենք ունենք ամբիցիա առնվազն այդքան ապահովելու, մենք ավելի բարձրին ենք հավակնում»:

Զրուցակիցս նաև խոստովանում է ՝ միջազգային կառույցների կանխատեսումները կառավարության ամրագրած ցուցանիշերից ցածր են, քանի որ  նախորդ տարիներին Հայաստանի ներուժը  նվազել է, իրենք պատկերացնում են, որ կառավարությունն այդ ներուժի սահմաններում է մնալու, ջանքեր չի գործադրելու ավելիին հասնելու համար: Փոխնախարարի այս հայտարարությունից հետո հարց է առաջանում՝ միջազգային կառույցները տեղյակ չե՞ն, որ Հայաստանում կառավարություն է  փոխվել, քաղաքականություն է փոխվել

« Իհարկե տեղյակ են, ամեն ինչից էլ տեղյակ են, բայց մենք մեր արած գործին ավելի շատ ենք հավատում, քան իրենք՝  մեր արած  գործին: Ամբողջ տարբերությունը դրանում է: Կյանքում է լ է այդպես, եթե դու ինչ-որ մի գործ նախաձեռնում ես, սկզբից քո գործին թերահավատորեն են վերաբերվում, բայց որ արդյունքները սկսում ես գրանցել, բոլորն ասում են, որ իր բռնած ճանապարհը  ճիշտ էր: Բայց  սկզբի փուլում, հիմա այդ իրավիճակն է»:

Ֆինանսների նախարարությունում, հղում անելով  ԱՎԾ ցուցանիշերին,  վստահ են՝ տարին բարեհաջող են փակելու: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  երեկ «Ռադիոլուրի» հետ զրույցում  հիշեցրեց  2016-ի մայիսը. « Կանխատեսվում էր, որ 4-4,5 տոկոս տնտեսական աճ։ Կունենանք, բայց եկանք ի վերջո՝ 0,2-0,5, այսինքն, եթե շեղումները հանում ենք, զրոյական աճ»:

Ֆինանսների փոխնախարարը ցուցանիշերի նվազումը զուտ մաթեմատիկական հաշվարկներով է բացատրում, հիշեցնում նաեւ նախորդ տարվա գյուղատնտեսության ոլորտի անկումը

«Եթե զուտ նայենք, տարին տարվա վրա բաժանելու ցուցանիշով. Եթե անցած տարվա  կեսից սկսած ինքը նվազել է, մեր ցուցանիշը եթե անգամ ինքը 6,6 տոկոսին համապատասխանող մակարդակով գնա, աճը ավելի բարձր է լինելու»:

Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնում, որ կառավարությունը զարգացման լավ հիմքեր է դնում, դրանք առաջիկայում կսկսեն աշխատել: Պարզաբանում է՝ հարկային եկամուտներն են ավելացել, օրենսդրությունն է բարելավվում, ներդրումներն ավելացնելու միտումներ կան, սրանց ավելանում է  նաև ստվերի կրճատումը, արդյունքում՝ տնտեսական աճը ավելին կլինի: Ինքը՝ Մակարյանը, ավելի շատ  կառավարությանն է հավատում

«Ես էլ եմ համոզված , որ ավելին է  լինելու, ես ավելի մեծ թվեր կասեի՝ 4 մինչև 5: Այն աշխատանքը, որը հիմա կա ու էֆեկտը, որը գնում է, մենք արդեն աշնանը բավականին մեծ տարբերություններ կնկատենք»:

Նշենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարեց, որ վերջին յոթ ամիսների ընթացքում հարկային եկամուտների աճ է արձանագրվել, կրճատվել է ստվերը. « Ստվերի կրճատմանն ուղղված հետևողական կրճատման արդյունքում  խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսեկան ստվերը  նվազել է մոտ 32 տոկոսով»:

Ստվերի կրճատումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու ներդրումները  տնտեսական աճ ապահովելու նախադրյալներից են, ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը կարծում է, որ ստվերի դեմ պայքարում հաջողության հասնելու համար միայն քաղաքական կամք էր պետք, այն այժմ կա:

Ցուցադրել ավելի
Back to top button