Վերլուծական

Հայաստանյան կոալիցիաների պատմությունն ու համագործակցության նբությունները


Քաղաքական կոալիցիա ձեւավորելու ավանդույթը Հայաստանում արդեն ունի 14 տարվա պատմություն: Ունեցել ենք մի քանի կոալիցիա, որոնք տարբեր ձեւաչափերով ձեւավորվել են հիմնական 4 ուժի միջեւ: Երկկողմից մինչեւ քառակողմ համագործակցություններ, որոնք ունեցել են յուրահատկություններ: Այսօր առաջարկում ենք հիշել հայաստանյան կոալիցիաների պատմությունը, դրանց նշանակությունն ու  համագործակցության նրբությունները:

Կոալիցիաների պատմությունն անկախ Հայաստանում սկսվեց 2003 թվականից, երբ անկուսակցական Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում սատարեցին հանրապետականը, «Օրինաց երկիրն» ու դաշնակցությունը: Առաջին կոալիցիայի հուշագիրը ստորագրվեց նախագահի նստավայրում: Ստորագրողներին թիկունքից հետեւում էր միայն Ռուբենր Քոչարյանը: Տարիների ընթացքում ունեցանք էլի մի քանի կոալիցիա, ստորագրողների կարգավիճակը փոխվում էր՝ թիկունքից հետեւողների թիվը շատանում: Կոալիցիաները ձեւավորվում էին երկար, բայց փլուզվում արագ:

«Օրինաց երկիրը», օրինակ, կոալիցիայի անդամ է եղել երեք անգամ՝ 2003-ին, 2008-ին եւ 2013-ին: Այս քաղաքական ուժը որպես կանոն ընտրություններից առաջ էր դուրս գալիս կոալիցիայից՝ ընտրություններում իբրեւ ընդդիմություն ներկայանալու համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու անգամ է ստորագրել կոալիցիոն հուշագիր՝ 2007-ին եւ 2008-ին:

Հանրապետականի մշտական կոալիցիոն գործընկերը թերեւս դաշնակցությունն է: Գործընկերոջից նեղացել է ընդամենը մեկ անգամ: 2009-ին լքեցին կոալիցիան, երբ Հայաստանը Ցյուրիխում ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները։ Ամեն դեպքում, երեկ ձեւավորված նոր՝ հանրապետականների եւ դաշնակցականների կոալիցիան անակնկալ չէր քաղաքագետների համար: Համենայնդեպս՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում այդպես է գնահատում քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը:

Հայաստանյան կոալիցիաների պատմությունից փաստ է՝ որեւէ մեկը չի կարողացել գոյատեւել մինչեւ հաջորդ ընտրությունները: Այս նոր կոալիցիոն հուշագրի նրբություններից մեկն այն է, որ նշվել է համագործակցության կոնկրետ ժամկետ՝ 2022 թվական: Սակայն դա չի նշանակում, որ այդ ընթացքում հանրապետականի եւ Դաշնակցության դիրքորոշումները պետք է նույնացվեն: Կոալիցիոն գործընկերները տարաձայնություն ունենալու տեղ են թողել, ասում է հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Այս փուլում թերեւ ինտրիգը պաշտոնների բաշխման շուրջ է: Մինչ այս կոալիցիան՝ դաշնակցությունն ուներ 3 նախարար, երկու մարզպետ: Բանակցությունների ընթացքում չէր բացառվում, որ այս անգամ դաշնակցականներին կհաջողվի ձեռք բերել եւս մի քանի պորտֆել: Ասենք՝ ԱԺ-ի փոխնախագահի ու եւս մի քանի մարզպետի: Դաշնակցությունից այս հարցը դեռ չեն շտապում բացահայտել: Աղվան Վարդանյանը խուսափում է որեւէ անուն տալուց:

Նույնիսկ այսպիսի պայմաններում, երբ դաշնակցական գործընկերը փորձում է հանրապետականից ստանալ ունեցածից ավելին, որեւէ ձեւով նեղություն չի պատճառում քաղաքական մեծամասնությանը՝ վերլուծում է քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը:

Այս պարագայում էլ է կոալիցիոն հուշագրով փորձել ապահովագրվել հանրապետականը: Երեկ ստորագրված փաստաթղթում հստակ նշված է, որ պաշտոնները բաշխում են խորհրդակցությունների միջոցով՝ մեկ բացառությամբ՝ վարչապետի առաջադրման իրավունքն ունի միայն հանրապետական կուսակցությունը: Սրանով էլ ամեն ինչ ասված է:  Փաստաթղթով նաեւ քաղաքական երկու ուժն էլ պատասխանատվություն է ստանձնում կառավարության ողջ գործունեության համար: Սակայն, հայաստանյան կոալիցիաների պատմությունը փաստում է՝ ոչ «Բարգավաճ Հայաստանը», ոչ «Օրինաց երկիրը», ոչ էլ դաշնակցությունը երբեւէ իրենց պատասխանատու չեն զգացել կատարվածի համար: Քննադատել են շատ, բայց մեղքը միշտ գցել են հանրապետականների վրա:

Back to top button