Քաղաքական

Քաղաքական ուժերն ամփոփում են քարոզարշավի ընթացքը

Երեւանի ավագանու ընտրությունները մոտենում են, եւ դրան մասնակից քաղաքական ուժերը փորձում են ամփոփել անցած քարոզարշավն ու գնահատել սեփական հնարավորությունները: Նրանք բոլորն էլ քարոզարշավը հիմնականում լավ են գնահատում: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ավագանու ընտրություններին մասնակից ուժերից «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն, օրինակ,  շեշտել է, թե քարոզարշավի ընթացքում քաղաքացիների կողմից իրենց ստացած արձագանքները հուսադրող են: «Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչներն էլ նշել են, որ, ընդհանուր առմամբ, գոհ են քարոզարշավի ընթացքից, մասնավորապես՝ լրատվամիջոցների լուսաբանումներից: Մեր գործընկեր Կարեն Ղազարյանը լսել է նաեւ հանրապետական կուսակցության ներկայացուցչին: ՀՀԿ թիմում համոզված են՝ երեւանցին տարբերում է պոպուլիզմը եւ գնահատում կատարված աշխատանքն ու դրանց շարունակականությունն ապահովող ծրագրերը:

 

 

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, թե Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իրենց ստացած արձագանքները քաղաքացիներից շատ ավելի լավն են, քան ԱԺ ընտրություններում է եղել:

«Հիմա շատ ավելի ոգեւորությունը մեծ է. մարդիկ տեսել են, որ ԱԺ ընտրությունների ժամանակ մենք, այնուամենայնիվ, կարողացել ենք հաջողություն գրանցել: Մեր կողմից ձայները վերահսկվել են եւ դա, բնական է, հաջողություն է եւ մարդկանց կողմից շատ լավ է ընկալվել»:

«Ելք» դաշինքի մեկ այլ անդամ էլ՝ Արայիկ Հարությունյանը, հավելեց, թե իրենք հետեւողական աշխատանքի արդյունքում են ստացել դրական արձագանքները եւ իրական հաղթելու շանսեր ունեն:

Ալեն Սիմոնյան. «Այսօր, իրոք, եզակի դեպքերից է, որ ռեալ շանս կա ընդդիմության համար՝ հաղթելու»:

«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները, մինչդեռ, հնարավորություններին գնահատական տալը քաղաքական գործիչների խնդիր չեն համարում:

Նույն կուսակցությունից Հայկ Պետրոսյան . «Գնահատականի համար, երեւի թե, դուք պետք է դիմեք փորձագետներին կամ ընդամենը պետք է սպասենք մի քանի օր եւ մի քանի օրից երեւանցիներն իրենց պատասխանը եւ գնահատականը կտան բոլոր քաղաքական ուժերին»:

Ավելի ուշ էլ, թե՛  «Ելք» դաշինքի, թե՛ «Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչները  խոստովանեցին, որ հանրապետականի շանսերն ավելի մեծ են, քանի որ ունեն ավելի շատ ռեսուրսներ: Հանրապետական կուսակցությունում համոզված են՝ հնարավորությունները հենց այնպես չեն ստեղծվում: Երեւանի ավագանու հանրապետական թեկնածու Նաիրա Նահապետյան.

«Մենք, իսկապես, ընտրողին ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, որն ունի նաեւ շարունակական ծրագրեր եւ, կարծում եմ, գնահատականը պետք է լինի դրական, քանի որ  իսկապես երեւանցին տեսնում է կատարած աշխատանքը: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, Երեւանի զարգացման կոնկրետ ծրագրերի մասին որեւէ մեկը չի խոսում: Ավելի շատ պոպուլիստական ելույթներ են ունենում»:

«Ելք»-ի եւ «Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչներն այսօրվա ասուլիսներում անդրադարձան նաեւ միմյանց հետ փոխհարաբերություններին՝ պարզաբանելով միմյանց նկատմամբ այս ընթացքում եղած փոխադարձ կսմիթների պատճառն ու հարցը, թե ինչու՞ չեն ընդունել իրար արված միավորված գործելու առաջարկները:

Ալեն Սիմոնյանը նախ «Երկիր ծիրանի»-ի կողմից իրենց ուղղված խայթոցները պայմանավորեց. «Անփորձությամբ: Կարծում եմ, նման խայթոցները տեղին չեն: Ինչ վերաբերում է միասնական գնալուն՝ մենք մինչեւ ընտրություններն ենք առաջարկել, ինչպես նաեւ՝ առաջարկել էինք, որ տիկին Փոստանջյանը գլխավորի  ցուցակը»:

«Երկիր ծիրանի» կուսակցությունից Հայկ Պետրոսյան. «Կոչ՝ միավորվել «Ելք»-ի հետ չի եղել: Եթե խոսքը Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ խոսակցությունների մասին է, որը ինքը, իհարկե, մերժել է եւ իր հարցազրույցների ընթացքում մի քանի անգամ պարզաբանել, ապա՝ մի քանի օր առաջվա հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ Զարուհի Փոստանջյանը չէր կարող մասնակցել «Ելք» դաշինքի ցուցակով, քանի որ կան արմատական քաղաքական տարբերություններ հայացքների եւ լուծումների մեջ»:

Մենք ոչ թե հետեւանքի դեմ պետք է պայքարենք, ինչը մեր տեսակետից արդյունավետ չէ, այլ  պարզաբանենք սկզբնաղբյուրը եւ սկզբնաղբյուրի խնդիր լուծենք՝ խնդիրների լուծման վերաբերյալ իրենց սկզբունքային մոտեցումը պարզաբանեց «Երկիր ծիրանի»-ի ներկայացուցիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button