ԿարևորՔաղաքական

Կարեն Կարապետյանը 2018-ին պատրաստ է ղեկավարել երկիրը

Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասը վերջերս եղել է Հայաստանում և հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Մեդիամաքսն այսօր հրապարակել է  կառավարության ղեկավարի հետ ավստրացի լրագրողի զրույցը:  Դրանում Կարեն Կարապետյանն անդրադարձել է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական թեմաների, խոսել 2018-ից հետո վարչապետի պաշտոնում մնալու իր պատրաստակամության մասին:  Այդ պատրաստակամությունն,  ի դեպ, վարչապետը  ձևակերպել  է ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես երկրում շատ բան փոխելու ցանկություն։

«Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը վարչապետի պաշտոնում» հարցին Կարեն Կարապետյանը հայեցակարգային  պատասխան է տվել. ստեղծել անվտանգ, անկախ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Դրան հասնելու ճանապարհին կառավարության գերխնդիրն, ըստ նրա, տնտեսության վերականգնումն է:

Վիեննայից ժամանած լրագրողը տեղեկացված է եղել վարչապետի՝  3 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների խոստման մասին և հետաքրքվել է , թե որտեղից է Հայաստանը գտնելու այդ գումարը։ «Կառավարությունը գիտակցաբար է հրապարակել այդ թվերը՝ հասկանալով, որ հասարակությունը հաշվետվություն է պահանջելու», -ասել է Կարապետյանը ու նշել, որ  կառավարությունը 2017-ին  իրատեսական է համարում  այդ գումարի մոտ մեկ քառորդի կամ շուրջ 800 մլն դոլարի նախագծերի իրականացումը։ Որպես օրինակ նշել է հանքարդյունաբերության մեջ Lydian ընկերության ներդրումները։

Տնտեսությունից զրույցը սահուն  անցել է քաղաքական հարթություն: Արդոք  հարևանների հետ հարաբերությունները չեն խանգարի Հայաստանին  զարգացնել տնտեսությունը՝  հարցրել է լրագրողը: Կարապետյանը աշխարհաքաղաքական ծավալուն վերլուծություն չի արել, բայց կարևոր ամրագրումներն արել է:

«Իհարկե, լավ է, երբ երկիրը խնդիրներ չունի հարեւանների հետ։ Բայց եթե այդ պայմանը չի կատարվում, չի նշանակում, թե պետք է ձեռքերը ծալած նստենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ ամեն գնով, ոչ մեր անկախության ու ազգային արժանապատվության հաշվին։ Պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, սակայն եթե հակառակ կողմը նման պատրաստակամություն չի ցուցաբերում, չեմ կարծում, որ մեր տնտեսության զարգացման համար այլընտանքներ չկան»։

Այլընտրանքների մասին ամրագրումը լրագրողի մոտ տպավորություն է ստեղծել, թե  կառավարության ղեկավարը  մոտ ապագայում անհավանական է համարում Ադրբեջանի հետ խաղաղության , իսկ   Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հաստատումը: Կարապետյանը փորձել է ցրել այդ տպավորությունը՝ կրկնելով.  Հայաստանը  պատրաստ է խաղաղության, բայց՝ խելամիտ պայմաններով։

Ճիշտ էր արդյոք Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հյաստանի որոշումը: Նոր բան այս հարցին ի պատասխան Կարեն Կարապետյանը չի ասել ու կրկնել է  այդ քայլին գնալու Հայաստանիորոշման հիմնական  հիմնավորումը:

«Մենք մտել ենք հինգ երկրների ակումբ, որի բնակչությունը շուրջ 180 միլիոն է ։ Եթե մենք հաջողության հասնենք այդ շուկայում, ինչը, ի դեպ, մեծամասամբ հենց մեզանից է կախված, կարող ենք լավ պայմաններ ստեղծել մեր տնտեսության զարգացման համար։ Մտնելով այդ ակումբ, մենք չենք մերժում մեր տնտեսության համար այլ հնարավորությունները, այդ թվում կապված Եվրոպայի հետ»։

Ու այս պատասխանից հետ միանգամից ուղիղ հարց ՝  Գազպրոմում երկար աշխատելուց հետո հնարավոր է արդյոք  Մոսկվայից բացարձակ անկախ որոշումներ ընդունել։ Այս հարցին Կարապետյանը դիվանագիտորեն է պատասխանել. ընկերության հետ լավ հարաբերությունները, կարծում է,  ոչ թե  կվնասեն ազգային շահերին, այլ կօգնեն հատկապես  բարդ իրավիճակներում։

Եվ ամենակարևոր հարցը, որ հաստատ հայկական լսարանին ավելի շատ է հետաքրքում, քան ավստրիականին:  «Դուք պատրաստ ե՞ք վարչապետի պաշտոնում  մնալ 2018 թվականին և դառնալ հանրապետության ղեկավար» հարցրել է լրագրողը և հաստատական պատասխան ստացել:  Իսկ ցանկանում ե՞ք հարցին Կրապետյանն այսպես է պատասխանել.  « Ես այդ հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, և ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձևակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»։

Կարեն Կարապետյանի հետ, հիշեցնեմ, զրույցել է  Ավստրիայի Հանրային ռադիոյի լրագրող  Էլիզա Վասը:

Ցուցադրել ավելի
Back to top button