Արցախյան հաղթանակի կերտողները. Նոդարիկ Մարգարյան


Մայիսյան եռատոնը կերտեցին արցախյան պատերազմի մասնակիցները. նրանց մի մասը չտեսավ հաղթանակը, մյուսներն էլ վերադարձան, սակայն, որոշեցին կրկին պայքարել հանուն հայրենիքի: Եթե չլիներ ապրիլյան քառօրյա պատերազմը, «Ռադիոլուր»-ի այսօրվա հերոսն էլ թերևս, Շուշիի ազատագրման 25-ամյակը նշեր հենց Շուշիում: Սակայն, արդեն մեկ տարի է, ինչ նրա մասին հարազատներն ու ընկերներն անցյալով են խոսում: Նոդարիկ Մարգարյան, ապրիլյան քառօրյա պատերազմին զոհ գնացած պայմանագրային զինծառայող, ում ընտանիքին այսօր քչերն են հիշում:
Լոռու մարզի ամենամեծ համայնքներից մեկի՝ Գուգարքի քարուքանդ ճանապարհով ու գյուղապետարանի աշխատակցի մեքենայով գնում ենք գյուղապետարանի հակառակ կողմում գտնվող տներից մեկը: Գնում ենք ապրիլյան պատերազմին զոհ գնացած պայմանագրային զինծառայող Նոդարիկ Մարգարյանենց տուն: Միայն մի հարց է տանջում. ինչի՞ ց սկսել զրույցը: Թարմացնե՞ լ դեռ չսպիացած վերքը, թերթե՞լ հիշողությունները, թե՞ պարզապես լռել … Սա այն դեպքն է, երբ չգիտես ինչից սկսել զրույցը, հարցերն ու բառերը անհետացել են: Զրույցը սկսվում է 80-անց տատիկի՝ Նոդարիկ Մարգարյանի մոր՝ Ելենա Մարգարյանին ուղղված «ո՞ նց եք ապրում, լա՞վ եք… հա, Փառք Աստծու»:
«Մեր տան տղամարդը նա է, էն երեխեն ա, ես 83 տարեկան եմ, էս էլ Նոդարի տղեն ա, էն էլ աղջիկը, ո՞ նց ապրենք, եթե տանը մի տղամարդ չկա, մի կողմնակի եկամուտ չունենք, էն էլ տըհենց եղավ, մնացինք դուռներս փակ: Ապրում ենք թոշակներով…»:
Հետո աստիճանաբար ամեն ինչ հունի մեջ է ընկնում: Մեզ հետ զրույցում Նոդարիկ Մարգարյանի ընտանիքի անդամները հիշողության օրագիրն են թերթում:
«23 տարի ծառայել ա», — պատմում է մեկ տարի առաջ միակ որդուն կորցրած տիկին Ելենան: «Կինը հիվանդ էր, օգնելու հնարավորություն չկար, դադարգյուն եղավ, գնաց, աշխատանք չկար»:
Նոդարիկ Մարգարյանի դուստրը՝ Լուսինեն է միջամտում. «1993թ որ պատերազմը սկսվեց, արդեն հավաքներ էին, ես առաջին դասարան էի, պապան մեկնեց կամավոր, հետո պատերազմից հետո մնաց պայմանագրային զինծառայող; Մենակ էր ինքը էնտեղ, մենք երեք երեխաներ ենք, 2004թ մայրս մահացավ, պապան եկավ, մի քանի ամիս մնաց, հետո տեղափոխվեցինք տատիկի մոտ, ինքը գնաց նորից»:
2016թ ապրիլի մեկ. վերջին անգամ հոր հետ Լուսինեն այդ օրը խոսեց. «Զանգեց բավականին երկար զրուցեցինք, խոսքի մեջ Լուսի ջան վիճակը էն չի լարված ա»:
Մեկ օր անց՝ վաղ առավոտյան էլ որդուն՝ Նարեկին զանգեց: Հանձնարարեց՝ « ունեցածս այստեղ չթողնեք»: Մատաղիսում վարձով բնակվող Նոդարիկ Մարգարյանը կենդանիներ ու թռչուններ էր պահում: Հետո արդեն ամեն ինչ ավելի ուշ պարզվեց՝ տիկին Ելենան հարևանի տանն էր, երբ լսեց, որ Մատաղիսում ռմբակոծություն է:
« Դողում էր մարմինս, մին էլ Նարեկն եկավ քաղաքից: Տեսա լցված ա, ասի ինչ ա՞ եղել, թե ոչ մի բան: Ասի Նարեկ ինչ ա՞ եղել, ասա, թե չէ փետը գխովդ կտամ, հի՞նչ ա եղել, ասավ պապան, պապան….. ու էլ բան չասավ»:
Մեր զրույցը կրկին ընդհատվում է…. նորից շարունակվում՝ թաց աչքերով. «դեպքը 9.30-10.00 էր եղել, ենք էս ժամին՝ 17.30-ի կողմերն իմացանք»:
Հետո հարազատները պիտի մանրամասներն իմանային: Ապրիլի երկուսի առավոտյան Մատաղիսի զորամասում ռմբակոծություն է սկսվում: Պետք էր հաց տանել զինվորներին, սակայն, չհասցրեցին: «Մթերք պետք է դիրքեր տանեին: Արկը պայթեց մեքենայի մոտ, Հովսեփը վիրավորվում է, մինչև տարել են ապահով տեղ, հետ են եկել, որ պապային օգնեն տեսել են, որ պապան չկա»:
Նոդարիկ Մարգարյանը, Հովսեփ կիրակոսյանն ու ևս մեկ զինծառայող զոհվեցին հենց մեքենայի մոտ: Տիկին Ելենան իր աչքով է տեսել սեղանին կիսատ մնացած նախաճաշն ու մի կտոր հացը: Ենթադրում է՝ զանգել են ու որդին դուրս է եկել տնից:
Հիշողություններ, որ երբեք չեն մոռացվի
Լուսինեն հիշում է՝ « հեր ու աղջիկ չէինք, ընկերներ էինք: Բարձր տոնով չէր խոսում, հոգատար էր, հայր, մայր, ամեն ինչէր մեզ համար: Զանգում խորհուրդներ էինք հարցնում: Հեռավորությունը մեզ չի խանգարել»:
25-ամյա Նարեկը թատերական կրթություն ունի, այժմ հեռկա կարգով հեռակա անասնաբույժի մասնագիտություն է ստանում: Հիմնական զբաղմունք չունի:
Հոր վերջին կամքը կատարեց . «ինչ ուներ Մատաղիսում բերեցինք: Ամեն ինչ բերեցինք»: Նոդարիկ Մարգարյանի պատգամը Նարեկին՝
«միշտ ասում էր, որ ստախոս, խաբեբա չլինեմ, ատում էր սուտը , էդ ա ինձ համար ամենակարևորը, որ չխաբեմ ու չգողանամ, ես էդ ձև եմ դաստիարակվել, հպարտ եմ դրա համար…»:
Ապրիլյան պատերազմի մասնակից որդուն կորցրած այս ընտանիքին քչերն են հիշում, հատկապես վերջին շրջանում: Նրանք ապրում են ՝ սեփական վիշտը կոկորդում խեղդած, բայց և հպարտ՝ իրենց որդին էլ զոհվեց հանուն հայրենիքի: