Մշակույթ

«Մեր Պուշկինը» մրցույթը. ինչպես Արցախը ճանաչելի դարձնել աշխարհին


Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանն ու Արցախի «Կերպար» գրական ակումբը հայտարարում են «Մեր Պուշկինը» մրցույթը։ Առանց ժանրային սահմանափակումների գրական ստեղծագործություններին մրցույթին կարող են մասնակցել ուսանողներն ու դպրոցականները:

 

Հայամետ, մասնավորապես արցախամետ դիրքորոշմամբ հայտնի ռուս լրագրող Դենիս Դվորնիկովի նախաձեռնությամբ շուրջ մեկ տարի առաջ ստեղծվեց Արցախի «Կերպար» գրական ակումբը: «Ռադիոլուրի» հետ զրույցում նախաձեռնության հեղինակն այսօր նշեց որ մեկ նպատակ ուներ՝ պատմել ճշմարտությունը Արցախի մասին, այս դեպքում՝ գրական ձևաչափի միջոցով:

«Կերպար» ակումբը մի վայր է, որ համախմբում է Արցախի երիտասարդ գրողներին: Արցախ անունը պետք է շեշտվի և՛ գրականության մեջ, և՛ համացանցային հարթակներում, և՛ լրագրության մեջ: Իսկ դրա համար անհրաժեշտ են պատրաստված մասնագետներ, որոնք Արցախի մասին ճշմարտությունը կկարողանան հասցնել ոչ միայն ռուսախոս լսարանին, այլև ողջ աշխարհին: Ամենակարևորն այն է, որ խոսեն  Արցախի մասին, որպեսզի այն չընկալվի միայն որպես մի վայր, որտեղ պատերազմ է, այլ վայր, որն ունի իր առօրյան՝ շատ գունեղ, հետաքրքիր, ավանդույթներ, սիրային, առօրեական պատմություններ, երբեմն՝ շատ զավեշտալի: Արցախը պետք է ունենա իր Չեխովներն ու Դովլաթովները»:

«Կերպար» ակումբի կողմից մայիսի 10-ին հայտարարվելիք «Մեր Պուշկինը» մրցույթը միտված է հայտնաբերելու նոր տաղանդների։ Երիտասարդների, որոնք իրենց գրիչը հետագայում կարող են ծառայեցնել միևնույն նպատակին, այն է՝ պատմել ճշմարտությունը Արցախի մասին: Մրցույթի մանրամասներին մեզ ծանոթացրեց Հայ-սլավոնական համալսարանի ռեկտորի օգնական, մրցույթի երևանյան համակարգող Գոհար Ղումաշյանը:

Առանց ժանրային սահմանափակման գրական ստեղծագործությունը կարող է կազմված լինել ոչ ավելի, քան 1000 բառից: Պատմվածք, առակ, թե բանաստեղծություն. էական չէ, կարևորն այն է, որ այն անդրադառնա ժամանակակից իրողություններին պուշկինյան որևէ ստեղծագործության սյուժեի ձևաչափով:

«Արցախի ուսանողների ու դպրոցականների շրջանում մրցույթը մեծ ոգևորություն է առաջացրել»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց հիշյալ ակումբի պատասխանատու քարտուղար  Նարինե Դավիդյանը:

«  Անկախ սյուժեի ընտրությունից կարևորն այն է, որ մրցույթի մասնակիցները ցուցաբերեն ստեղծագործական մոտեցում: Վստահ եմ, որ Արցախի ուսանողներն ու աշակերտները մեծ ուրախությամբ կմասնակցեն մրցույթին, որովհետև ռուսերեն լեզվի, գրականության ու հատկապես Պուշկինի ստեղծագործությունների  հանդեպ այստեղ  յուրահատուկ մոտեցում կա»:

Մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Հայ-սլավոնական համալսարանի կայքէջում: Իսկ ռեպորտաժն ավարտերնք մայիսյան հաղթանակների եռատոնի առիթով Բորիս Դվորնիկովի տոնական մաղթանքով. « Շուշիի ազատագրումը, իհարկե, շրջադարձային էր ոչ միայն արցախյան պատերազմի տարեգրության մեջ, այլև յուրաքանչյուր հայի , ես  կասեի անգամ յուրաքանչյուր  քրիստոնյայի համար: Հենց այդ հաղթանակի շնորհիվ է Արցախում ստեղծվել այն իրականությունը, որն այդքան սիրում և ընդունում ենք: Ես շնորհավորում եմ հայերին ու բարի կամքի տեր բոլոր մարդկանց»։

«Հիմնական մաղթանքը՝ խաղաղություն, խաղաղություն ու էլի խաղաղություն, որպեսզի պատերազմում հերոսանալու կարիք այլևս չլինի: Փոխարենը մարդիկ  հաց արարեն, զավակներ ծնեն, նստեն ու գեղեցիկ պատմություններ գրեն»,- եզրափակեց Դենիս Դվորնիկովը:

Back to top button