ԿարևորՔաղաքական

ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել նոյեմբերին. Սվիտալսկի


ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել նոյեմբերին՝ այսօր հայտնել է ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտոր Սվիտալսկին։ Նա նշել է, որ այս պահին փորձագետներն աշխատում են փաստաթղթի տեխնիկական հարցերը կարգավորելու ուղղությամբ։ Միաժամանակ՝ նա ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ օգտակար ծրագրերի իրագործումն ու աշխատանքը կշարունակի նաև  ապագայում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը մեծ հարված էր ԵԱՀԿ համար՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել Հայաստանում, քանի որ և Հայաստանը և ԵԱՀԿ-ն դրա կարիքն ունեն: ԵՄ համար ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում չափազանց կենսական գործընկեր էր, նրա խոսքով, և հայկական կողմը լավագույն օրինակ կարող է լինել՝ որպես ընդունող պետություն։ Հայաստանը մշտապես աջակցել է ԵԱՀԿ գործունեությունը և դրական գնահատել այն՝ հիշեց դեսպանը:

«Մենք շատ մեծ հույս ունենք, որ ծրագրերը և աշխատանքները կշարունակվեն նաև ապագայում։ Հայաստանը ցուցաբերեց շատ լավ հյուրընկալություն և դա  կարող է օրինակ ծառայել»:

ՀՀ-ԵՄ հարաբերություններին անդրադառնալով՝ Սվիտալսկին նշեց, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը տեխնիկապես պատրաստ կլինի ստորագրման  այս տարվա նոյեմբերին:

«2017 թվականի հունվարին նշել էի, որ 2017 թվականը ՀՀ-ԵՄ համագործակցության իրադարձություններով լի տարի կլինի: Եվ հիմա ուրախ եմ, որ փաստաթուղթը ստորագրվել է: Այս պահին մեր փորձագետներն աշխատում են փաստաթղթի տեխնիկական հարցերի մշակման ուղղությամբ  և հույս կա, որ նոյեմբերին այն պատրաստ կլինի ստորագրման», — նշեց դեսպանը:

Սվիտալսկիի խոսքով, սակայն, ամենակարևորը ոչ թե ստորագրումն է, այլ՝ փաստաթղթում եղած դրույթների կյանքի կոչումը:  «Բանալին իրագործումն է», — ասաց:

Վրաստանի պես վիզային ռեժիմի ազատականացում ունենալու հայ լրագրողների հարցերին պատասխանելով՝ դեսպանը նշեց, որ դրա համար համբերություն է պետք։ Այո, վրացիները կարող են օգտվել առանց վիզային ռեժիմի ճամփորդելու հնարավորությունից,  քանի որ իրենք համաձայնագիրը պատշաճ իրագործել են։ Սա պետք է ոգևորի նաև Հայաստանին՝ ասաց:

«Հույս ունեմ, որ երբ ձեռք բերված համաձայնությունը հաջողությամբ կյանքի կոչվի՝ նոր հարթակ կստեղծվի վիզային ռեժիմ ազատականացման հարցը քննարկելու շուրջ»:

Դեսպանն այսօր անդրադարձավ վերջերս մեծ աղմուկ առաջացրած Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի կողմից ծրագրերի համար հատկացվող փողի հափշտակության ու դրա համար նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքի հարցին: Խարդախության դեպքերը կարող են բացասաբար ազդել ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների վրա՝ ասաց Հայաստանում ԵՄ դեսպանը՝ նշելով, որ փոխհարաբերությունը կարող են խորանալ համատեղ աշխատանքի շնորհիվ , որն իրականացվում է  Քննչական կոմիտեի ու ԵՄ-ի Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի կողմից:

 

Back to top button