Քաղաքական

Հայաստանը մտադիր չէ նոր օտարերկրյա ռազմաբազա բացել երկրի տարածքում. Վիգեն Սարգսյան

Երևանը չի նախատեսում երկրի տարածքում բացել օտարերկրյա պետությունների նոր ռազմաբազաներ, այդ թվում՝ ռուսական, բայց նախատեսում է արդիականացնել Գյումրիում Ռուսաստանի բազան: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Interfax գործակալության հետ զրույցում:

«Ներկայում Հայաստանում այլ երկրների ռազմաբազաներ բացելու քննարկումներ հաստատ չկան: Մենք նման հարցում չունենք նաև ռուսական կողմից»,-ասել է Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան մեծ նշանակություն ունի: «Մենք ինտենսիվ կերպով շփվում ենք ռուս գործընկերների հետ բազայի արդիականացման, հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևեր»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին է:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը: «Ներկա պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք. մեր կուրսանտների ուսուցումից մինչև գործողությունների համատեղ պլանավորում»,-հավելել է նա:

Նախարարը նաև հայտնել է, որ ապրիլին Մոսկվայում, որտեղ նա մասնակցել է միջազգային անվտանգության հարցերով համաժողովի, հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ:

«Մենք անցկացրել ենք հայ-ռուսական արդյունաբերական համաժողով: Մենք ներկայացրել ենք ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտից մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան առանց միջնորդների պայմանավորվել համատեղ գործունեության մասին»,- ասել է նախարար Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button