Հասարակություն

Հաղթում են նաեւ հնարամտությամբ. հիշում են ազատամարտիկները


Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրումը նախանշեց հետագա հաղթանակների ուղին. սա արդեն ընդունված պատմական իրողություն է, իսկ անցյալ տարվա քառօրյա պատերազմն հաստատեց մեկ այլ ճշմարտություն՝ հայի ոգին անպարտելի է: Արցախյան պատերազմի ազատամարտիկներն ունեն անպարտելիության մեկ այլ բանաձեւ եւս՝ դա ազգի միասնությունն է: Դա տեսել են հեռավոր 90-ականներին, երբ ամեն ինչից զրկված քաղաքացիները ամեն ինչով փորձում էին օգտակար լինել ազատամարտիկներին: Այդպես եղավ նաեւ ապրիլյան պատերազմի օրերին, երբ հասարակությունը կրկին մի բռունցք դարձավ: Այսօր այն օրերից է, երբ հիշողություններն ու ապագային հետ կապված հույսերն անընդհատ միաձուլվում են՝ փորձելով ստանալ ընդհանուր պատկեր:

Պատերազմը հարգում է ոչ միայն խիզախներին, այլեւ՝ հնարամիտներին: Արցախյան պատերազմի ազատամարտիկները բազմաթիվ հիշողություններ ունեն, թե ինչպես են անսպասելի եւ անակնկալ որոշումներով կարողացել լուրջ խնդիրներ լուծել՝ շրջանցելով փամփուշտի եւ զենքի պակասը: Այդպիսի պատմություններից մեկն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշում է «Հայոց ազգային բանակի» հատուկ գնդի հրամանատար «Չեչ» մականունով Սամվել Փափազյանը: Հիշում է դեպքը, երբ լուր են ստացել, որ Նախիջեւանի կողմից՝ Պարույր Սեւակի ծննդավայր գյուղում անասնագողություն էր կատարվել եւ բանակցությունների գնացած Արարատի ոստիկանապետի տեղակալն ու գործկոմի նախագահի տեղակալը գերի են ընկել:

Փոխանակումը հաջողությամբ կատարվել է. այսօր արդեն ազատամարտիկներն այս դեպքը ժպիտով են հիշում, բայց այն ժամանակ, ասում են՝ վախից կապտել էին: Սամվել Փափազյանին սակայն նույնիսկ վախը չկանգնեցրեց Շուշիի ազատագրման ժամանակ:

Սամվել Փափազյանի ջոկատը մասնակցեց այսպես կոչված «հետախուզական խաղերին»՝ ադրբեջանցիների ուշադրությունը հիմնական ծրագրից շեղելու համար: Պատմում է, որ իրենց ջոկատին շատերը ճանապարհում էին արցունքոտ աչքերով՝ գիտակցելով, որ հնարավոր է նրանցից ոչ մեկը այլեւս չվերադառնա: Շուշիի բարձունքից բացի այդ տարածքում կար եւս մեկ վտանգավոր կետ, որն անհրաժեշտ էր վնասազերծել: Դա «Ջան Հասանի կետն էր»: «Չեչի» ջոկատը փայլուն կատարեց ստացված հրամանը: Շուշիում զոհված 56 մարտիկներից 27-ը հենց «Չեչի» ջոկատից էր, ունեցել են նաեւ 2 անհետ կորած:

Սամվել Փափազյանը կատակում է, որ Աստծուց մահանալու հրաման դեռ չի ստացել: Դա է, հավանաբար, պատճառը, որ գլխի շրջանում ծայրահեղ ծանր վիրավորումից հետո նա ոտքի կանգնեց, բայց ազատագրված Շուշին կարողացավ տեսնել ընդամենը մեկ տարի հետո:

Արցախյան պատերազմի սկզբում Սամվել Փափազյանը չէր էլ պատկերացնում, որ իր կյանքի երկրորդ կեսին կհանդիպի նույն տեղում: Ամուսնու վիրավորման մասին այսօր Գայանե Բաղդասարյանը կատակում է, սակայն աչքերն արցունքոտվում են: Նա երբեք չի մոռանա, թե ինչպես այն դժվար տարիներին հասարակ քաղաքացիները հերթ էին կանգնել արյունաբանական հիվանդանոցի մոտ՝ իր ամուսնու համար անհրաժեշտ, բայց հիվանդանոցում պակասող արյունը հանձնելու համար: Չի կարողանում մոռանալ նաեւ մի տարեց կնոջ: Սոցիալական ծանր պայմաններում գտնվող տատիկն անպայման ցանկանում էր ինչ- որ բանով օգտակար լինել եւ բերել էր 6 հատ տղամարդու թաշկինակ:

25 տարի զինվորի կողքին՝ որդու կորստից հետո իր կյանքն այս գործունեությանը նվիրեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Շատ հաճախ գնում է դիրքեր, մտնում խրամատներ, ծանոթանում խնդիրներին ու փորձում լուծում տալ դրանց: Ամեն անգամ ապշած է մնում 18-20 ամյա երիտասարդների ոգուց:

Հիշողությունները, հույզերն ու նաեւ հույսերն այսօր շատ են: Շուշիի ազատագրումը առանձնակի նշանակություն ունի Արցախյան պատերազմի պատմության մեջ, բայց ազատամարտիկները մեծ դժվարությամբ են սկսում խոսել, որ իրենք առանձնակի նշանակություն դեռ չունեն խաղաղ պետության մեջ: Ասում են՝ տարվա ընթացքում իրենց հիշում են 3 անգամ տոն օրերին եւ այն ժամանակ, երբ իրավիճակը սրվում է սահմանում: Մնացած օրերին նրանք մնում են միայնակ՝ դեմ առ դեմ սոցիալական խնդիրներին՝ հաշմանդամության թոշակի մեծ մասը հատկացնելով դեղերին:

Ցուցադրել ավելի
Back to top button