Բարեփոխումներ՝ ԴԱՀԿ համակարգում


Արդարադատության ոլորտում բարեփոխումների կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները ոմանք բնութագրում են որպես հավակնոտ: Դրանց մի մասը վերաբերում է դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի բարեփոխմանը: Հանրային հետաքրքրություն ներկայացնող այս հարցին անդրադարձել է «Ռադիոլուրը»:
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին գործող օրենքն ԱԺ-ն ընդունել է դեռեւս 1998 թվականի մայիսի 5-ին: Արդարադատության ոլորտում, այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում բարեփոխումների նախագիծը մշակելիս հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ կողմերի դիտողություններն ու առաջարկները՝ ասում է Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Ոլորտի բարեփոխումների մի մասը վերաբերում է դատական ակտերի հարկադիր կատարման համակարգին: Ներկայումս շարունակում են դեռեւս մտահոգիչ լինել այս ծառայության հետ կապված որոշակի խնդիրներ: Դրանց մասին բարձրաձայնում են նաեւ գործող փաստաբանները՝ մատնանշելով սեփական պրակտիկայում հանդիպած կոնկրետ դեպքեր, որոնք խոսում են այս ծառայության գործունեության մեջ նկատվող թերացումների, բացթողումների կամ խնդիրների մասին: Փաստաբան Նորայր Նորիկյանն, օրինակ, կարծում է, որ երբեմն այս ոլորտում հանդիպող խնդիրները, խոչընդոտները դուրս են ողջամտության սահմաններից:
Փաստը խոսում է այն բանի մասին, որ դատական ակտերի հարկադիր ծառայությունում կան երեւույթներ, որոնք, ըստ էության, առողջ չեն եւ խոչընդոտում են դատական պաշտպանության իրավունքը, եւ անցնում են դատաքննության ողջամտության բոլոր սահմանները՝ հավելեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Փաստաբանի գնահատմամբ՝ դա թույլ է տալիս եզրահանգելու, որ, իսկապես, կան խնդիրներ, որոնք այդ համակարգի նկատմամբ վստահություն չեն ներշնչում:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ դատական ակտերի հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների շեշտադրումն այն է, որ դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպվի եւ բացառվի կամ նվազագույնի հասցվի դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից հայեցողական գործողություններ կատարելու շրջանակը: Արդարադատության փոխնախարարը չժխտեց, որ դրանք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր:
Բարեփոխումների նախագծով հստակ սահմանափակում է դրված՝ հավելեց արդարադատության փոխնախարարը՝ պարզաբանելով, որ եթե կոնկրետ գործողության կատարման կամ որոշման կայացման առիթը ծագել է, ապա հարկադիր կատարողն ընդամենը ունի երեք օր՝ այդ որոշումն ընդունելու եւ գործողությունը կատարելու համար: Հստակ ժամկետներ են սահմանվել նաեւ հարկադիր աճուրդների կազմակերպման հարցում:
Այսինքն, հարկադիր կատարողն այլեւս չի կարողանալու այդ ընթացակարգը կամայականորեն ձգձգել՝ շեշտեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Փաստաբան Նորայր Նորիկյանը, մինչդեռ, կարծում է, որ բարեփոխումները գեղեցիկ են հնչում, սակայն, այն առանցքային հարցերը, որոնք անհանգստացնում են հասարակությանը ոչ միշտ են լուծվում:
Նոր գործիքակազմերի ներդրումն, ըստ փաստաբանի վատ չէ, լավ է, բայց դրանից, նրա ձեւակերպմամբ, մեծ հաշվով բան չի փոխվելու, եթե համակարգի ներսում բուն դրած կաղապարված պատկերացումները չփոխվեն՝ եզրափակեց փաստաբան Նորայր Նորիկյանը: