ԿարևորՀասարակություն

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԵՄ պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը:

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգով՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և  ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ :

Համերգին ընդառաջ սաները ստեղծել են թեմատիկ գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքները, բնապատկեր նկարներ կամ ամենն, ինչ իրենք ասոցացնում են Եվրոպայի և խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից և Հայաստանի արվեստի ոլորտի փորձագետներից կազմված ոչ-պաշտոնական ժյուրիի կողմից ընտրվել են Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում ընտրված աշխատանքները հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն էկրանից, ինչպես նաև կցուցադրվեն Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում:

Ընտրված գեղանկարների հեղինակ սաները հրավիրվել են համերգին, որի ժամանակ՝ Եվրոպական միության կողմից նրանց կհանձնվեն անվանական վկայականներ և խորհրդանշական նվերներ: Համերգի հրավիրյալների ցանկում են նաև Երևանի մի շարք երաժշտական դպրոցների սաներ:

Ամեն տարի մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Այդ օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի  տարեդարձը: 1950 թվականին Փարիզի իր  ելույթով այն ժամանակ գործող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն  առաջ քաշեց Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափի մասին իր գաղափարը, որը անհավանական պետք է դարձներ պատերազմները Եվրոպական ազգերի միջեւ: 

Շումանի տեսլականն էր՝ ստեղծել ածխի և պողպատի արտադրությունը միավորող և կառավարող եվրոպական մի կառույց:  Նմանօրինակ մարմին ստեղծելու մասին Համաձայնագիրը  ստորագրվեց մեկ տարի անց: Համարվում է, որ  Շումանի առաջարկով սկիզբ է դրվել այն կառույցի, որն այսօր հադիսանում է  Եվրոպական միությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button