Հասարակություն

Ձերբակալման առաջին օրվանից Պերմյակովը գտնվել է ՌԴ իրավազորության ներքո. պարզաբանում


«Ի սկզբանե Պերմյակովը Հայաստանին հանձնված չի եղել: Եթե հանձնված լիներ Հայաստանի Հանրապետությանը՝ դրանից հետո նոր կարող էր քննարկվել, թե պատիժը նա որտեղ է կրելու: Ձերբակալման առաջին իսկ օրվանից նա գտնվել է  Ռուսաստանի իրավազորության ներքո, քանի օր ձերբակալվեց ռուս սահմանապահների կողմից»,- «Ռադիոլուրին» այսօր հայտնել է  Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Տեղեկացեննք, որ ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կկրի Ռուսաստանում։

ՌԴ ո՞ր քաղաք եւ ո՞ր քրեկատարողական հիմնարկ կտեղափոխվի 2015 թվականին ամբողջ հանրապետությանը ցնցած Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովը: Սահմռկեցուցիչ սպանության մասին կրկին հիշեցրեց «ՌԻԱ Նովոստին»՝ գրելով, որ Պերմյակովը կտեղափոխվի ՌԴ՝ պատիժը կրելու: Այսօր ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ արդարադատության նախարարությունը շարունակում է քննարկումները Պերմյակովի պատժի կրման հարցով:  Փոխնախարարը մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով, որ առկա է մի իրավիճակ, երբ նշված անձի վերաբերյալ կան և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի դատարանների կողմից կայացված վճիռներ, բնականաբար, այդ քննարկումները ներկայում իրականացվում են նաև ռուսական կողմի հետ՝ նպատակ հետապնդելով գտնելու անհրաժեշտ իրավական լուծումներ պատժի կատարումն ապահովելու համար:

«Ռադիոլուրը» կապ հաստատեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանի հետ՝ հասկանալու իրավական ընթացակարգը։ Որ Պերմյակովը պատիժը կրելու է Ռուսաստանում՝ հայտնի էր ոճրագործության հաջորդ իսկ օրվանից՝ ասում է փաստաբանը։

« Երբ Պերմյակովը ձերբակալվեց ոչ թե հայ իրավապահների կողմից, այլ ռուս սահմանապահաների կողմից, եւ հայտնվեց ՌԴ իրավազորության ներքո, դրանից բխող բոլոր հետեւանքներով: ՀՀ-ն այդ պահից սկսած արտահանձնող, հանձնող կողմ չէ, այդ պահից սկսած: Պերմյակովը, ի սկզբանե, եղել է ռուսական կողմի իրավազորության ներքո: Խնդիրը թաքնված է առաջին օրվա անգործության մեջ, այս ամենը առաջին օրվա հետեւանք է»:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից այժմ շարունակվում է բողոքարկման գործընթացը՝ կապված ՌԴ պատասխանատվության հետ: Հիշեցնենք, որ դեռեւս դատական քննության ընթացքում առաջին ատյանի դատարանում քաղաքացիական հայց էր ներկայացվել ընդդեմ Ռուսաստանի, քանի որ այս երկրիը չի կարող պատասխանատվություն չկրել իր զինվորի գործած ոճրագործության համար, այն էլ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող զինվորի: Ընդ որում, ըստ  Երվանդ Վարոսյանի, ՌԴ համապատասխան ստորաբաժանումները դրա մասին տեղյակ են եղել  մինչ Պերմյակովի ՀՀ ծառայության տեղափոխվելը:

«Ուստի այդ հարցը բարձրացվել է, ու դեռևս լուծում չի ստացել: Ներկա պահին պատրաստվում է Եվրոպական դատարան գանգատ ներկայացնել այդ պահանջով»:

Փաստաբան Վարոսյանը Վալերի Պերմյակովի պատիժը Ռուսաստանում կրելու եւ Մերձմոսկովյան շրջանում 18 մարդու կյանք խլած ՃՏՊ- ի մեղավոր Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու մեջ կապ է տեսնում։ Սա փոխանակման խնդիր չէ, քանի  երկուսն էլ ռուսական կողմի իրավազորության տակ են, արտահանձնվելով այլ խնդիր է լուծվելու՝ ասում է:

«Սա փոխանակման խնդիր չէ: Ռուսական կողմը Հրաչյա Հարությունյանին ՀՀ-ին հանձնելով մեղմում է հասարակական հնարավոր բացասական վերաբերմունքը»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, վերադառնալով արդարադատության նախարարի տեղակալի հայտարարությանը, կապված երկու երկրների միջեւ ընթացող քննարկումներին, «պատժի կատարումն ապահովելու համար» ձեւակերպումը պարզաբանում է, որ այժմ չի քննարկվում պատիժը կրելու վայրի հարցը, այլ քննարկվում է հետեւյալը՝ Հայաստանի դատարանների կողմից կայացրած դատավճիռը ՌԴ-ում ի կատար ածելու առումով կա որոշակի իրավական գործընթաց:

« Ռուսաստանն ի կատարումն պետք է պարտականություններ ստանձնի կատարումն ՀՀ-ի դատարանների կողմից կայացրած դատավճռի: Առաջին դատավճիռը դասալքության հետ կապված ՌԴ Դաշնության խնդիրն էր, որն ուժի մեջ է, իսկ ՀՀ-ի դատավճռով նրան ցմահ ազատազրկման դատապարտելով, որոշակի իրավական գործընթաց անցնելուց հետո միայն Ռուսաստանը պարտավորություն է ստանձնելու վերջինիս կատարման համար:

-Դատավճռի փոփոխության մտավախություն կարող ենք ունենալ:

-Ոչ: Քանի որ կատարված արարքը քրեորեն պատժելի թե ՀՀ-ի քրեական օրենսգրքով, թե ՌԴ քրեական օրենսգրքով»: 

Ի դեպ՝ երկու եւ ավելի անձանց առանձնակի դաժանությամբ սպանության համար եւ Հայաստանի եւ Ռուսաստանի քրեական օրենսգրքերը սահմանում են ցմահ ազատազրկում։

 

Back to top button