43 տոկոսին չի հետաքրքրում Երևանի ավագանու ընտրությունները. հարցում


Ապրիլի վերջին «Սոցիոմետր» ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքներով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոսը:
Հարցման արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է «Սոցիոմետր» ընկերության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Երեւանի Ընտրությունների վերաբերյալ այսօր իրենց դիտարկումներն են ներկայացրել նաեւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը:
Երևանի ընտրողները բաժանվում են երեք խմբի: Ըստ այդմ՝ 14 տոկոսը չի հետևում Երևանի ավագանու ընտրությունների շուրջ զարգացումներին, 43 տոկոսն ընդհանարապես չի հետաքրքրվում դրանցով՝ տեղեկացրեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ մյուս 43 տոկոսը հետաքրքրվում է և հնարավոր է համարում, որ մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: «Սոցիոմետր» ընկերության հարցումների արդյունքներով՝ ընտրություններին հաստատ գնացողները հարցվածների 41 տոկոսն են, իսկ 6.3 տոկոսն էլ ասել է, որ հնարավոր է մասնակցի: հարցվածների 3.4 տոկոսն էլ իր կարծիքը չի հայտնել:
«Փաստորեն սպասվում է, որ 57 տոկոս ակտիվություն մենք կարող ենք ակնկալել ընտրություններին՝ առավելագույնը: Նվազագույնը՝ մոտավորապես կլինի 47 տոկոսին մոտ: Միջինը մոտավորապես անում է 49 տոկոս ակտիվություն»:
Հարցումների արդյունքներով՝ մասնակցության հենց այս օպտիմալ տոկոսի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կստանա 67 տոկոս ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 12 տոկոս:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ գլխավոր ընդդիմադիր ուժ ընկալվող «Ելք»-ը հիմա փորձում է իր շուրջը համախմբել ընդդիմադիր զանգվածը, այդ թվում նաեւ «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածը:
Քաղտեխնոլոգի դիտարկումները կիսում է նաեւ քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը: Նրա գնահատմամբ՝ «Ելք»-ի քայլը քաղաքական տեսակետից ճիշտ է.
«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն էլ այսօր նշեց, որ հարցվածների մեջ մեծ մաս են կազմում նաև չկողմնորոշված ընտրողները, որոնք տատանվում են «Ելքի» և «Երկիր Ծիրանի»–ի միջև: Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ի ընտրազանգվածն ավելի հստակ է, կայուն:
«Այն հարցմանը, թե Երևանում փոփոխություններն ինչպես եք գնահատում, հարցվածների 14 տոկոսն ասել է, որ վատ է եղել, 19 տոկոսն ասել է, որ ավելի է վատացել, մնացածը՝ 67 տոկոսը գտնում է, որ եղել է նորմալ և ավելի է լավացել, որը Տարոն Մարգարյանի շնորհքն է»:
Սոցիոլոգը չի կարծում, թե մինչեւ ընտրությունները ստացված պատկերում շատ բան կարող է փոխվել, առավել եւս, նրա գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավը մասնագիտորեն ճիշտ չեն անցկացնում եւ իմիջի հետ կապված խնդիրներ ունեն:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այս երկու ընդդիմադիր ուժերը նաեւ միմյանց ինչ-որ չափով խանգարում են:
«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ, գոնե այս պահի դրությամբ, մենք տեսնում ենք, որ այդ քաշային կատեգորիաները դեռեւս շատ մոտիկ չեն, որովհետեւ ստարտային պայմանները բավականին տարբեր էին»:
Եթե «Ելք»-ն իր համար հաջողված խորհրդարանական ընտրությունների ալիքի վրա է գալիս եւ սա երկրորդ ռաունդն է, ինչը տրամաբանական է քաղաքական ուժի պարագայում, ապա «Երկիր ծիրանին» նոր է ներկայանում հանրությանը՝ պարզաբանեց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով ծրագրերին՝ քաղաքական գործիչ, նախկին փոխքաղաքապետ Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ բարձրացվող հարցերն օրակարգային չեն, քանի որ ցանկացած բնակավայրի դեպքում կարելի է ասել: Մինչդեռ, գլխավոր խնդիրը՝ համայն հայության մայրաքաղաքի վերաբերյալ՝ տնտեսական, ֆինանսական, մշակութային եւ այլ առումներով ծրագիր, չկա: