Հասարակություն

Տարեկան միջինը մոտ 30 հազար մարդ թողնում է Հայաստանը


Տարեկան միջինը մոտ 30 հազար մարդ թողնում է Հայաստանը, այսօր՝  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Նրա խոսքով, «Եթե խոսենք արտագաղթի մասին, ապա 1992-94 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ, 1995-2001 թվականներին դեռևս բարձր էին արտագաղթի ծավալները»:

Գագիկ Եգանյան. «Ունեցանք շուրջ 250 հազարի հասնող բնակչության կորուստ, իսկ 2002-ից մինչև այս ժամանակահատվածը գրեթե նույն տարեկան մակարդակի վրա է արտագաղթը՝ մինչև 29-30 հազար»:

Պայքարել արտագաղթի դեմ, նշանակում է պայքարել այդ երևույթը առաջացնող պայմանների պատճառների դեմ։ Նա ընդգծեց, որ, ըստ հետազոտությունների, արտագաղթի առաջին հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական դաշտում է գտնվում։

«Հետազոտությունները ֆիքսում են, թե ինչ պատճառներով են մարդիկ արտագաղթում՝ աշխատատեղի բացակայություն, ցածր աշխատավարձ, բիզնեսով զբաղվելու դժվարություններ, հեռանկարի բացակայություն, արդարության բացակայություն», -մանրամասնեց Գ. Եգանյանը։ Նրա խոսքով՝ «Եթե ուզում ենք այս երևույթի ծավալները փոքրանա, ուրեմն պետք է այս պատճառները վերացնենք։ Իսկ դրան է միտված կառավարության ողջ գործունեությունը, դա այնպիսի հարց չէ, որ մեկ տարվա մեջ կատարվի»։

Back to top button