Վարչապետը գազալցակայանների աշխատանքը «խիստ անբավարար» է գնահատել


Գործադիրի այսօրվա նիստում, անդրադառնալով գազալցակայանների շահագործման թերություններին, վարչապետ Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատել է «խիստ անբավարար»։
Վարչապետի խոսքերով՝ միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում ու գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը, հատկապես, պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ:
«Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչև օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ», — ընդգծել է Կարապետյանը։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում, համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները, կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։