Ռուսաստանին եւ Թուրքիային միավորող ընդհանուր վիշտը


Երեկ Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Պուտին-Էրդողան բանակցությունների օրակարգի գլխավոր թեման, թվում էր թե սիրիական հակամարտությունն է, որը, ինչպես պատկերավոր արտահայտվել էր Թուրքիայի նախագահը, երկու երկրներին միավորող ընդհանուր վիշտ է, սակայն այսօր արդեն պարզ է դառնում, որ Թուրքիայի նախագահին սրանից զատ առավել շատ հետաքրքրել է ռուս-թուրքական հարաբերությունների վերաբեռնավորումը, որը վերջին երկու տարիներին Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների հետեւանքով սառել էր։ Այսօր թուրքական եւ ռուսական լրատվամիջոցները բարձրաձայնում են առեւտրային նոր համաձայնագրի, պատժամիջոցներից մի քանիսի չեղարկման, ռազմա-տեխնիկական նոր համագործակցության մասին։
Պուտին- Էրդողան հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցում՝ հայտնում է թուրքական Haberler-ը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս նշել է, որ ինչպես ռազմա-տեխնիկական համագործակցության մյուս հարցերի քննարկումը, այնպես էլ C-400-ի մատակարարման հարցն ընթացել է դրական միտումներով:
Ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի անդամ երկրին Մոսկվայի կողմից C-400-ի մատակարարման պատրաստակամությունը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ դա նշանակում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Անկարայի հարաբերությունների սրում: Մյուս կողմից էլ՝ այսպիսով Մոսկվան է ցանկանում Թուրքիային ձգել դեպի Ռուսաստան: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Գրետա Ավետիսյանի կարծիքով նույնպես այս քննարկումներում Արեւմուտքին ուղղված մեսիջ կար:
Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Արևմուտքը չեն փորձում հատել կարմիր գիծը, ավելի զգույշ են իրենց ձևակերպումներում, սակայն մեսիջներ են փոխանակում: Այդուհանդերձ՝ Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում ցույց է տալիս, որ հարաբերությունների դրական զարգացումներ են ընթանում Մոսկվայի ու Անկարայի միջև՝ նկատեց փորձագետը: Նա ուշագրավ համարեց «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման աշխատանքների քննարկումը Սոչիում: Սա մի ծրագիր է, որը կանգ էր առել ռուս-թուրքական լարված հարաբերությունների պատճառով և այսօր փաստորեն այն կրկին արդիական է երկու երկրների միջև։ «Թուրքական հոսք»- ի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թվականին:
Այս ծրագիրը ենթադրում է Սև ծովի հատակով գազատար խողովակաշարի կառուցում։ Նախ ռուսական գազը այդպիսով կհասցվի Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպա: Այս ծրագիրը թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով լրացուցիչ լծակ է Թուրքիայի ձեռքին՝ կախվածության մեջ պահելու Եվրոպան, որի հետ հարաբերություններն այսօր լարված են: