Հասարակություն

Համանքների խոշորացումից շուրջ կես տարի անց. տեսանելի փոփոխություններ չկան


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է վարչատարածքային բարեփոխումները շարունակելու խնդրին։ Մեր երկրում անցկացվում է համայնքների խոշորացման ծրագիրը, որի երկրորդ փուլն արդեն  իրականացվել է:  Խոշորացվող համայնքների շարքում են նաև սահմանամերձ Տավուշի  գյուղերը: Խոշորացումից անցել է ավելի քան յոթ ամիս, ինչպիսի արդյունքներ են գրանցվել:

Տարիներ առաջ կառավարության նախաձեռնած  բարեփոխումներից մեկը՝ համայնքների խոշորացումը, աստիճանաբար կյանքի է կոչվում:  Նախ անցկացվեց  պիլոտային ծրագիր  Հայաստանի երեք՝   մարզերում՝  Լոռի, Տավուշ, Սյունիք, ապա նաև՝  երկրորդ փուլ: Արդյունքում՝ արդեն յոթ ամիս է, ինչ խոշորացվել են նաև Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներ:  Այրումը, Նոյեմբերյանը և Կողբն  արդեն խոշորացված համայնքներ են: Նրանք կենտրոններն են, որոնց միացել են  հարակից մի քանի գյուղեր կամ քաղաքներ: Նոյեմբերյանին են միացել ու խոշորացել սահմանամերձ  Բաղանիսը, Բարեկամավանը, Դովեղը: Սահմանամերձ համայնքները ռիսկային են ու, եթե հաջողությունն ակնհայտ չլինի, արդեն ռիսկային կլինի խնդիրը՝ կարծում են այս համայնքների արդեն նախկին գյուղապետերը։

Սահմանամերձ Բաղանիս համայնքի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանն այժմ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս  վարչական շրջանի ներկայացուցիչն է:  «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշում է, որ յոթ ամսվա ընթացքում կարողացել են վերջապես իրավական գրանցում ստանալ  գյուղի մանկապարտեզի համար: Գյուղտեխնիկա  ստանալու համար  հայտ են ներկայացրել ու սպասում են:

Սահակյանն առայժմ զերծ է մնում  իրավիճակը գնահատելուց: Նշում է, որ յոթ  ամիս է անցել խոշորացումից, սակայն մինչ այժմ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը չի գործում: Փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով չեն տրամադրում:

Բաղանիսի նախկին գյուղապետը, ով հիմա վարչական շրջանի ներկայացուցիչն է, պնդում է՝ պետք է իրենք  ոչ թե նշանակվեին, այլ՝ ընտրվեին ժողովդրի կողմից: Նույն կարծիքին է նաև «Ռադիոլուրի»  մեկ այլ զրուցակից՝ սահմանանմերձ  Բարեկամավանի նախկին ղեկավար Գագիկ Աբազյանը: Նախկին գյուղապետն այժմ գործազուրկ է, պատրաստվում է  Երևան տեղափոխել, ասում է՝ գյուղում աշխատանք չունի, չի կարողանում ընտանիքը պահել:

Աբազյանը վստահեցնում է՝ եթե անգամ ինքն էլ լիներ գյուղի ներկայացուցիչը, միևնույնն է՝ այդ բարեփոխմանը դեմ կլիներ։ Նախորդ զրուցակցիս՝ Բաղանիսի  ներկայացուցչին  եմ հարցնում՝  արդյո՞ք արդարացված  էր համայնքների  խոշորացումը` «ոչ»:

Նախկին կառավարման ձևին կառավարությունը չի պատրաստվում վերադառնալ: Այստեղ վստահ են՝ համայնքների խոշորացումն իր դրական արդյունքները տալիս է: Բարեփոխմանն այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ:

Հստակեցրեց՝ վարչատարածքային բարեփոխումներն ուղղված են տեղական իշխանությունների կարողությունները մեծացնելուն և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն, որոնց շարունակականության և ամբողջ ծավալով իրականացնելը կարևորվել է կառավարության ծրագրում»:

«Համայնքների խոշորացումն արդյունավետ իրականացնելու, բնակչությանը ճշգրիտ իրազեկելու և նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արդեն խոշորացված համայնքներում հետագա զարգացումները ապահովելու նպատակով  հանձնարարում եմ  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետերին 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչատարածքային փոփոխությունների ծրագրի վերաբերյալ համապատասխան օրենսդրական փաթեթ»։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը մեկ ամիս ունի     կատարված աշխատանքներն ամփոփելու համար: Այսօր կառավարությունում կքննարկեն նաև համայնքներում առկա բիզնես բաղադրիչ ունեցող ոլորտները մասնավոր կառույցներին հանձնելու հնարավորությունը:

«Մենք բավականին մեծ էֆեկտ ենք ակնկալում ինչպես թափանցիկության բարձրացման, այնպես էլ սակագների ունիֆիկացիայի մասով»:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի փոխանցմամբ,  հարցի շուրջ արդեն իսկ քննարկումներ եղել են ՀՀ փոխվարչապետի մոտ և արդյունքները կներկայացնեն կառավարության ղեկավարին։

Ցուցադրել ավելի
Back to top button