Հասարակություն

Սերգեյ Ավետիսյանը ուղևորահոսքի աճը պատմական պիկ է բնորոշում


Քաղավիացիայի  ոլորտում վերջին կես տարվա  ընթացքում կատարած աշխատանքներն է այսօր ներկայացրել  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ  Սերգեյ Ավետիսյանը:  Նա  վերջին շրջանի ուղևորահոսքը  պատմական պիկ է բնորոշել, խոսել բաց երկնքի քաղաքականության արդյունքում հայկական ավիացիոն շուկայի հաջողությունների մասին: Տեղեկացրել է՝ մայիսից մեկնարկելու են չվերթները դեպի Թել Ավիվ։ Իսկ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Ռադիոլուր»- ի հետ զրույցում շարունակել է պնդել՝  «կառավարության որդեգրած բաց երկնքի  քաղաքականության արդյունքում մեր աշխատատեղերը հանձնվեցին  օտարներին»:

 

Օրերս կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հայտարարեց, որ թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը կհայտնվի հայկական շուկայում: Ավելին, հստակեցված էր նաև առաջին չվերթի օրը՝ հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ՝ Ստամբուլից  «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Արդյո՞ք  թուրքական ավիաընկերության՝ հայկական ավիացիոն դաշտում աշխատելն իրենից վտանգներ չի ներկայացնում՝ հարցնում եմ Քաղավիացիայի պետ Սերգեյ Ավետիսյանին. « երեկ ստացանք ավիաընկերությունից և այս պահին անորոշ ժամանակով նրանց մուտքը»:

Հայկական  երկինքը  թուրքական ավիաընկերությունների համար բացվեց 1995թ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշում է վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Նա հանգիստ է՝ եթե անգամ թուրքական ավիաընկերությունը մուտք գործի հայկական շուկա, ապա դա որևէ վտանգ չի պարունակում։ Այլ հարց է  Քաղավիացիայի  գլխավոր վարչության նախկին պետին անհանգստացնում

« Ես դեմ եմ ոչ թե նրան, որ օտար ընկերություններ են գալիս Հայաստան,  այլ, որ  կառավարության  բաց երկնքի  քաղաքականությամբ մեր աշխատատեղերը հանձնվեց օտարներին»:

«Պեգասուս» -ը բյուջետային ընկերություն է,  հայերին Եվրոպա գնալիս  Ստամբուլի օդանավակայանով թռչելն  ավելի մատչելի կլինի՝ ասում է  Շահեն Պետրոսյանը: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ՀՀ և  ԵՄ  ընդհանուր ավիացիոն գոտու  համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկը դրական է գնահատում:  Բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու Բրյուսելում՝  տեղեկացրեց.

« Ըստ էության ազատականացնում ենք դաշտը ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ, մեր օրենսդրության մեջ մտցնում ենք այն իրավական կարգավորումները, որոնք իրավական հիմք և բազա կստեղծեն ավիաընկերությունների համար այստեղ ավելի ապահով և կանխատեսելի զգալու համար»։

ԵՄ անդամ երկրները կնախընտրեն «Զվարթնո՞ց»  միջազգային օդանավակայանը,  թե՞  Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը  դժվար է ասել, սակայն չի բացառվում, որ առաջիկայում իրանական ավիաընկերությունները  թռիչքներ կատարեն դեպի «Շիրակ»:

Քաղավիացիայի նախկին պետն ավելի հավանական է  համարում, որ  Շիրակից թռիչքներ կկատարվեն  ոչ թե դեպի Իրան, այլ՝ Ռուսաստան:

Ի դեպ, այս  տարվա  ընթացիկ արդյունքներից քաղավիացիայի գլխավոր վարչության պետը գոհ է: Դրական ազդեցություն է  թողել հատկապես կառավարության՝  փետրվարի վերջերին ընդունված որոշումը, որով ՌԴ քաղաքացիները Հայաստան են այցելում ներքին անձնագրերով: Մինչ օրս, 7 հազար քաղաքացի է  ՀՀ այցելել: Ընդհանրապես, Սերգեյ Ավետիսյանը ուղևորահոսքի աճը  պատմական պիկ է բնորոշում:

Ցուցադրել ավելի
Back to top button