ԿարևորՀասարակություն

Հայաստանյան լրատվադաշտի էվոլյուցիան

«Մամուլը գոյություն ունի ոչ թե սիրվելու համար, այլ որպեսզի արտացոլի ու փոխի մեզ՝ պետությանը, հասարակությանն ու քաղաքացիներիս»,- Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված ուղերձում նշել է  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ին տվեց միջազգային նշանակության: Հենց այդ օրն է աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաքում ընդունվել  հատուկ հռչակագիր, որով կոչ էր արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունը։ Ի՞նչ է  փոխվել այսքան տարի անց աշխարհում ու հատկապես հայաստանյան լրատվադաշտում։

Պրոֆեսիոնալ, լրատվական թոհուբոհում  թրծված «Ռադիոլուր» լրատվական ծրագրի լրագրող Լուսինե  Վասիլյանը համեմատականներ  է անցկացնում  անկախության տարիներից ի վեր ծնունդ առած  լրագրության ու այսօրվա  միջև:  Ասում է, որ  եղել են շատ ավելի կաշկանդված վիճակում, բայց նախկինում պատկան մարմիններն առավել քան  ուշադրություն  էին դարձնում մամուլի հրապարակումներին։ Հիմա ազատության հետ սերտաճել է անվերհասկողությունն ու անտարբերությունը:

Հաճախ ենք լսում հետևյալ ազատ և անկախ մամուլը  խոսում է  ժողովրդավար հասարակություն ունենալու մասին: «Ռադիոլուր» -ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ պարզելու համար, թե մեր համաքաղաքացիները որքանով են վստահում ԶԼՄ- ների հրապարակումներին, և արդյո՞ք մեր երկրում  մամուլն ազատ  է:

Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների ոլորտներում հետազոտություններ իրականացնող Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը օրեր առաջ  հրապարակեց  2016 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը. այսպիսով՝  2017 թվականի «Մամուլի ազատության զեկույցի» համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը՝ 63 միավորով, և շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում:

Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը 4-րդ տեղում է՝ իրենից առաջ թողնելով Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային: Զեկույցում հիշատակվում է, որ Հայաստանն ընդհանուր ազատությունների մակարդակով մասամբ ազատ երկրների ցանկում է, իսկ համացանցի ազատությամբ՝ ազատ երկրների ցանկում:

Մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  նշում է, որ մամուլի ազատությունը պահպանելը՝ ամենօրյա աշխատանք է։ Այսինքն՝ լրագրողը պետք է նվաճված տարածքները պահպանի ու հնարավորինս ընդլայնի:

Back to top button