Հասարակություն

Հանրային ռադիոյի «Անկախության պատմություն»-ը՝ մրցանակակիր


ՀՀ առաջին քայլերը անկախացման տարիներին, դիվանագիտական ոլորտում եւ բազմաթիվ այլ իրադարձություններ ու հայտնի իրադարձությունների իրական պատմությունը: Ուղիղ մեկ տարի է Հանրային ռադիոն ներկայացրել է Հայաստանի վերջին 25 տարիների պատմությունը քայլ առ քայլ: «Անկախության պատմությունը» հաղորդման հեղինակի համար այսօր նույնպես պատմական օր էր: Մեկ տարեկան հաղորդումն այսօր պարգեւատրվեց «Մրցանակաբաշխություն 2016-ի» շրջանակներում:  

25 տարին թեեւ մեծ ժամկետ չէ պատմության համար, բայց օրինակ Հայաստանի անկախացման տարիներից ի վեր բազմաթիվ իրադարձություններ կան, որոնք բացահայտված չեն, լայն հանրությունը չգիտի կամ մարդիկ թյուր պատկերացումներ ունեն այս կամ այն իրադարձության մասին:

Մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանի ներկայացմամբ՝ հանրության համար բացերը պատմության մեջ շատ են:

Հենց սա էր պատճառը, որ ուղիղ մեկ տարի առաջ Միքայելը նախաձեռնեց նոր նախագիծ: 2016 թվականի մայիսի 2-ից Հանրային ռադիոյում պատրաստվում եւ հեռարձակվում է «Անկախության պատմությունը» հաղորդումը: Հանրության մեջ առկա կարծրատիպերը եւ մեդիա դաշտում եղած բացը ստիպեցին հեղինակին եղած արդեն պատմական իրադարձություններն ու խնդիրները ներկայացնել բազմակողմանի եւ նորովի:

Այս աշխատանքն աննկատ չմնաց: 2007 թվականից ի վեր Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող լավագույն գիտական եւ ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին:

Ի դեպ, 2016 թվականի մրցանակաբաշխության արդյունքում դրամական մրցանակների է արժանացել 62 մտավորական գիտության, գրականության, երաժշտության, լրագրության, կերպարվեստի, կինեմատոգրաֆիայի ոլորտներից: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 42 միլիոն դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button