«Կեցցե′ կենդանի արվեստը». Վենետիկի բիենալե-2017


2017 թվականի մայիսի 13-ից նոյեմբերի 26-ը Վենետիկում կկայանա «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեն, որտեղ Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ` Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյան: Հայաստանյան տաղավարը տեղակայված կլինի Վենետիկի Մուրադ-Ռաֆաելյան վարժարանում և Սուրբ Խաչ եկեղեցում: Վենետիկում ցուցահանդեսի փակ դիտումը մամուլի ներկայացուցիչների համար տեղի կունենա մայիսի 10-12-ը, պաշտոնական բացումը` 2017 թվականի մայիսի 11-ին: Արվեստագետներից յուրաքանչյուրը Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը: Վենետիկի արվեստի 57-րդ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Կեցցե կենդանի արվեստը». վենետիկյան 57-րդ միջազգային բիենալեն կանցկացվի հենց այս խորագրի ներքո: Հայաստանը ներկայացնող երեք արվեստագետներից յուրաքանչյուրը՝ նույն խորագրի ներքո, Բիենալեի այցելուներին կներկայացնի իր ցուցադրությունը:
Երիտասարդ գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը բիենալեին կներկայանա «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրությունով: Նրա 15 աշխատանքներից յուրաքանչյուրը կպատմի մարդ-բնություն անխզելի կապի մասին. ««Հովազներն իմ ծաղկած այգում». Այգին՝ Եդեմական պարտեզն է, որը խորհրդանշում է Հայաստանը: Հովազները՝ ժողովուրդն է, որը ապրում է այդ պարտեզում: Ապրում է ներդաշնակության մեջ, բայց անհրաժեշտության դեպքում կարող է լինել և չափազանց վտանգավոր, ինչպես հայ ժողովուրդը: Հովազը խորհրդանշում է հողը՝ ըստ հունական դիցաբանության: Այսինքն՝ հիմքը հողն է: Ես շատ եմ ուսումնասիրել հովազներին, փոքրիկ մի հովազի անգամ արվեստանոց եմ բերել, որպեսզի ուսումնասիրեմ, նկարեմ, քանդակեմ: Կարելի է ասել, որ նա ծառայել է նաև որպես «բնորդ»: Ի վերջո, իմ ամենասիրելի կենդանին է հովազը: Խորագրի ընտրության հարցում դա էլ կարատեց իր դերը»:
34-ամյա Ռաֆայել Մեգալն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ արտասահմանյան լավագույն պատկերասրահներում /Ֆլորենցիա, Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Տորոնտո/: Մասնակցել է տարբեր միջազգային բիենալեների՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների և պատվավոր կոչումների: «Մարութա սար» ստեղծագործության համար 2013 թվականին նա արժանացել է Ֆլորենցիայի բիենալեի «Լորենցո Մեդիչի» արծաթե մեդալին և ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
Վենետիկի 57-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող լիբանանահայ, ներկայում Բրյուսելում բնակվող քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանը կներկայացնի «Անշեջ կրակ» խորագիրը կրող ցուցադրությունը: Պողոսյանն աշխարհի այն սակավաթիվ արվեստագետներից է, որն իր աշխատանքները ստեղծելիս կիրառում է կրակը` որպես «հրե վրձին»:
Հայկական տաղավարի 3-րդ մասնակիցը՝ ազգությամբ սլովենացի, ներկայում Իտալիայում ապրող և ստեղծագործող Միրո Պերսոլյան է: Ինչու օտարերկրացի. Բիենալեի Հայաստանի տաղավարի համակարգող Սվետլանա Սահակյանն է պարզաբանում
«Երրորդ մասնակցին ընտրելիս առաջնորդվել ենք հետևյալ սկզբունքով. վերջին երկու տարիներին Հայաստանի մշակույթի նախարարությունը շատ ակտիվ համագործակցում է իտալական «Լուպո» մշակութային հիմնադրամի հետ: Վերջինի առաջարկությամբ վենետիկյան բիենալեում իր ուրույն ցուցադրությամբ հայկական տաղավարում կներկայանա նաև Միրո Պերսոլյան, որը 2016-ին մեծ ցուցադրություն ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում»:
Սլովենացի արվեստագետի ցուցադրությունը կրում է «Առանց սահմանի» խորագիրը : Արվեստագետը գույների համադրությամբ փորձում է ընդգծել, որ արվեստը սահմաններ չի ճանաչում:
Նախորդ տարիների փորձը Մշակույթի փոխնախարար, ինչպես նաև հայկական պատվիրակության ղեկավար Արև Սամուելյանին հույս է ներշնչում, որ առաջիկա բիենալեից ևս Հայաստանն առանց հաջողության չի վերադառնա:
«Վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն և մեծ հաջողությամբ մասնակցել է ոչ միայն Վենետիկի հիմնական, այլև միջանկյալ անցկացվող ճարտարապետական բիենալեներին: Գլխավոր մրցանակը, որի մասին այնտեղ երազում է յուրաքանչյուր երկիր, դա «Ոսկե առյուծն» է, որին Հայաստանն արժանացավ 2015 թվականին՝ «Հայություն» խորագիրը կրող տաղավարի համար»,-ասաց փոխնախարարը:
Երեք արվեստագետ՝ ամենատարբեր արտահայտչամիջոցներով, վենետիկյան բիենալեի հայկական տաղավարում փորձելու են ներկայացնել մարդ-բնություն անխզելի կապն ու արվեստի անսահմանությունը: Որքանով նրանց արվեստը կլինի համոզիչ, ցույց կտա միայն ժամանակը: