Տնտեսական

Տոնավաճառների աշխատակիցները հաջորդ շաբաթ կներկայացնեն իրենց առաջարկները


Երևանյան տոնավաճառների աշխատակիցները հույս ունեն, որ կառավարության հետ բանակցությունների արդյուքնում հնարավոր կլինի  հարթել բողոքի ակցիաների առիթ դարձած տարաձայնությունները:  ՓՄՁ ներկայացուցիչներն այժմ մշակում  են առաջարկների իրենց  փաթեթը և պատրաստվում են այն հաջորդ շաբաթ դնել ներկայացնել կառավարությանը: Կարծում են՝ երկու կողմի համար ընդունելի լուծումներ կկարողանան գտնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՓՄՁ ներկայացուցիչները խոսել են ոչ միայն կոնկրետ առաջարկների մասին,  այլ նաև կոչ են արել մեր համաքաղաքացիներին ՝ շարունակել գալ տոնավաճառներ, քանի որ ինչպես իրենք են վստահեցնում,  վերջին ստուգումներից հետո առևտուրը տոնավաճառներում կտրուկ նվազել է:

Մի քանի օր շարունակ այս վանկարումներով կառավարության շենքի դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաները դադարել են, և տոնավաճառների աշխատակիցներ — պետեկամուտների կոմիտե հակամարտությունը տեղափոխվել է բանակցությությունների սեղանի շուրջ: Փոքր և միջին ձեռնարկատերերի ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանն ասում է՝ կառավարության հետ  ժամանակավոր հաշության են եկել ու այժմ բանակցում են հաշտությունն ամրագրելու  պայմանների շուրջ: Բայց մինչ այդ քննարկումներն ընթանում են, մարդկանց հորդորում է՝ չխուսափել  տոնավաճառներ գալուց:

«Արհեստականորեն վախի մթնոլորտ է ձևավորվել, մարդիկ վախենում են գալ տոնավաճառներ: Ինձ ամեն օր մի քանի հոգի զանգահարում, հարցնում է, ես էլ բոլորին բացատրում եմ, որ այս պահին որևէ վտանգ չկա, հաշտության պայմանգիր ունենք ու մեզ չեն նեղացնի, քանի դեռ էս հարցի լուծումը չենք գտել»:

Պետեկամուտների կոմիտեն էլ իր հերթին է դադարեցրել ստուգումները, որոնք  բողոքի ակցիաների առիթ էին  դարձել:  Կառույցի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ  այդ ստուգումները զուտ նախազգուշական են եղել, և որևէ տնտեսվարող դրանց արդյուքնում չի տուգանվել: Բայց ՊԵԿ- ի հիմնական պահանջը՝ փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը,  մնում է ուժի մեջ: Կառույցը  նաև հստակեցնում  է՝  տոնավաճառներում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մի մասն են և պետք է օրենքի դաշտում գործեն, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լինի լիարժեք:

Տոնավաճառների աշխատակիցներն ի պատասխան վստահեցնում են՝ իրենք  չեն խուսափում հարկեր վճարելուց:

« Թող ոչ ոք չկարծի, թե մենք ուզում են հարկերից խուսափել, ընդհակառակը ասում ենք՝ պատրաստ ենք հարկերը վճարել ամսվա սկզբից, միայն մեզ հանգիստ թողեք»:

Տոնավաճառի աշխատակիցները տարբերակներ են առաջարկում, որոնք  թույլ կտան վճարել հարկերը, բայց և խուսափել փաստաթղթաշրջանառություն վարելու, հաշվապահ ունենալու խնդիրներից: Այս ու էլի մի շարք առաջարկներ հիմա մշակում են, որ հաջորդ շաբաթ ներկայացնեն կառավարությանը:  Ասում են՝ ՊԵԿ-ն փորձելու են ապացուցել, որ այս տարբերակն ընդունելու դեպքում պետությունն ամբողջությամբ ստանալու է իր հարկերը, իսկ առևտրականներն ազատվելու են իրենց համար հոգս դարձած պարատավորություններից:

Ի դեպ,  Պետեկամուտների կոմիտեն հայտարարարություններից մեկում նկատել էր, թե առևտրականների ակցիան ուղղորդված է։ Տոնավաճառների աշխատակիցները վստահեցնում են՝  բառը  ճիշտ  չի ընտրվել: Բողոքի ակցիաները ուղղորդված չեն, ինքնաբուխ են և  պայմանավորված են հենց ՊԵԿ-ի գործողություններով:

Ցուցադրել ավելի
Back to top button