Պարեք ու ազատվեք կյանքը թունավորող նման ավելորդություններից. հոգեբանի խորհուրդը


Պարի միջազգային օրը՝ պարի հոգեբանական ազդեցության մասին: Պարզվում է, որ այդ ազդեցությունը բավական մեծ է: Պարը որպես հոգեթերապևտիկ միջոց կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, Հայաստանում՝ դեռ ոչ, բայց փոխարենը մենք էլ պարել սիրող ժողովուրդ ենք ՝ անկախ գիտական ձևակերպումներից: Թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է հոգեբանության դոցենտ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանի հետ:
Շամանների ծիսական պարերը ինչպես լիցքավորող, այնպես էլ լիցքաթափող հատկություն ունեին: Ըստ Խուդոյանի` հետագայում պարը սկսեց ընկալվել ավելի շատ որպես գեղագիտական երևույթ, մնալով սակայն որպես լիցքաթափման լավագույն միջոցներից մեկը: 20-րդ դարի 30-ական թվականներին պարի, շարժման այս առանձնահատկությունն արժանացավ հոգեբանների ուշադրությանը: «Պարը որպես հոգեթերապևտիկ միջոց այսօր կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում»,-ասում է Սամվել Խուդոյանը:
«Պարը որպես հոգեթերապևտիկ միջոց այսօր կիրառվում է ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, եվրոպական գրեթե բոլոր երկրներում, բայց ոչ Հայաստանում»: Նախ, ինչպես ասում է Սամվել Խուդոյանը, չկան մասնագետներ, արտ, այսինքն արվեստի թերապիան, ընդհանրապես մեզանում չափազանց քիչ է կիրառվում:
Խմբապարը օգնում է ավելի լավ հասկանալ դիմացինին, զգալ նրա ապրումները. մասնագետի բնորոշմամբ՝ տեղի է ունենում ապրումակցում: Պարը բացահայտում է նաև ազգի հոգեբանությունը: Ըստ Սամվել Խուդոյանի՝ հայկական պարերում ընդգծված կերպով արտահայտված է հատկապես կնոջ հոգեբանությունը:
Համեստություն, զսպվածություն, հոգատարություն ու նվիրվածություն: Հոգեբանի սուր աչքն այս ամենն արձանագրում է հայ կնոջ պարային շարժումներում: