

տեղադրված 13.53
լրացված 17.33
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է «Հայ ազգային կոնգրես» -ՀԺԿ դաշինքի՝ ապրիլի երկուսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի որոշումը: ՍԴ-ն որոշում է ընդունել ԿԸՀ-ի կողմից ընտրոթյունների արդյունքների վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ: Սահմանադրության համաձայն՝ ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Առավոտյան նիստում Սահմանադրական դատարանը, շարունակելով ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, լսեց կողմերի եզրափակիչ ելույթներն ու հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Գրեթե երկու ժամ խորհրդարակցական սենյակում գտնվելուց հետո Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց որոշումը:
ՍԴ դիմած կողմից ոչ ոք չէր ներկայացել որոշման հրապարակմանը: Դեռ առավոտյան նիստում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն իր եզրափակիչ ելույթում կրկին անդրադարձավ իրենց դիմումի բովանդակությանն ու իրենց կողմից բերված ապացույցներին՝ բխեցնելով.
« Վերջապես, ստացված էին անհերքելի ապացույցներ ՀՀԿ-ի կողմից այնպիսի համակարգային եւ համատարած կիրառման մասին, ինչը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա: Հետեւաբար, ԿԸՀ որոշումով հաստատված ԱԺ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ազատ կամքը եւ պետք է ճանաչվեն անվավեր»:
Զուրաբյանը խոսեց նաեւ ընտրակաշառքների բաժանման, քվեարկության գաղտնիության խախտման դեպքերի մասին, որոնք, ըստ նրա, կրել են համատարած և համակարգված բնույթ: Բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներից, նա անդրադարձավ նաեւ իրավապահ մարմինների աշխատանքներին և նրանց նկատմամբ, Զուրաբյանի ձեւակերպմամբ, առկա անվստահությանը: Իր եզրափակիչ ելույթն ամփոփելով էլ՝ ընդդիմադիր գործիչն այսպիսի կարծիք հայտնեց.
«Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը չի բավարարի մեր հայցը: Խնդիրը, սակայն, չի լինելու ապացույցների անբավարարության մեջ: Ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտության փնտրտուքը, քանի որ դուք այն գիտեք։ Դուք այստեղ միայն մեկ գործ եք անում՝ որքան հնարավոր է ավելի լավ պաշտպանել ՀՀԿ իշխանությունը: Այս ամենը մեզ տանում է դեպի փակուղի, որովհետեւ ընտրություններին չի վստահում, թեև գտնում է, որ այս ամենից ելք կա: Այս ամենից ելքը շատ պարզ է՝ ամեն ինչ անել ճշմարտության հաղթանակի համար։ Ես չեմ կարծում, որ այսօր ճշմարտությունը կհաղթանակի, բայց մի օր դա ազգովի անելու ենք»:
Թատերական ներկայացման չեք մասնակցում՝ ի պատասխան արձագանքեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Այսպիսով, արդեն չորրրորդ օրը շարունակվող դատական քննության ընթացքում դաշինքի կողմից ներկայացվեցին իրենց հավաքգրած ապացույցները, տարբեր փաստեր, իսկ պատասխանող կողմը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, իրավապահ մարմինների՝ դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները գտնում էին, որ ընդհանրապես դիմումը հիմնազուրկ է և չկան ապացույցներ:
ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել է նաեւ , որ ընտությունները եղել են լավ կազմակերպված, արտահայտում են ընտրողների կամարտահայտությունը, ընդհանուր առմամաբ պահպանվել է խոսքի և հավաքների ազատոթյունը, յուրաքանչյուր կուսակցություն, կամ դաշինք հնարավորություն է ունեցել ընտրողներին փոխանցել իր ուղերձը: Այս ընտրություններում հմնականում բացառվել են կրկնաքվեարկությունները, այլ անձի փոխարեն քվեարկությունը, ապահովվել է քվերակության գաղտնիության թափանցիկության աննախադեպ բարձր մակարդակ և շնորհիվ նոր տեխնոլոգիաների նախկինում արձանագրած վատ դրսևորումները բացակայել են ու այդ ամենի մասին արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները: ՍԴ նախագահը նաեւ նկատել է, որ նման դատական վեճ նախաձեռնելը դառնում է ինքնանպատակ և քաղաքական շահարկումների տեղիք է տալիս:
Երկրորդ կարծիք չկա, որ ՍԴ որոշումը լիովին համահունչ էր գործի քննության արդյունքներին եւ քննության ընթացքին հետեւած որեւէ մեկը դրանից անակնկալի չէր կարող գալ՝ որոշման հրապարակումից հետո մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Սահմանադրական դատարանն իր որոշմամբ միաժամանակ կարևորել է դիմողի և միջազգային դիտորդների կողմից բարձրացված մի շարք մտահոգիչ հանգամանքներ՝ մասնավորապես քաղաքական կոռուպցիայի առնչությամբ բարձացվող մտահոգությունները: Ի պատասխան այս հիշեցմանը՝ ԿԸՀ նախագահը նշեց:
ՍԴ որոշմանը հաջորդող երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին կգումարվի նոր Ազգային ժողովի անդրանիկ նիստը: