ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին

տեղադրված 15.35
լրացված 16.59


ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն այդպես էլ չգնաց պատմական քայլի եւ չներկայացրեց վեհաժողովի պատգամավորների մեծամասնության կողմից պահանջված հրաժարականը: Այսօր՝ վեհաժողովի այս նստաշրջանի վերջին օրը, նշանակված էր նրա քաղաքական հայտարարությունը, բայց դա չհնչեց, ավելին՝ Պեդրո Ագրամունքը չներկայացավ Բյուրոյի նիստին: Այսպիսի զարգացում «Ռադիոլուրի» հետ զրույցում կանխատեսել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

 

Ստեղծված իրավիճակում Բյուրոն գտել է այլ լուծում՝ ձայների մեծամասնությամբ որոշել է անվստահություն հայտնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Սրանով Ագրամունտին արգելվում է ԵԽԽՎ նախագահի անունից հայտարարություններ անել, պաշտոնական այցեր կատարել եւ այլ գործունեություն իրարականացնել: Սա փաստացի իմպիչմենտ է, քանի որ ԵԽԽՎ կանոնադրությամբ պատգամավորներն ավելի շատ լիազորություն, ասենք՝ պաշտոնանկ անելու իրավունքներ չունեն: Ագրամունտին դե ֆակտո իմպիչմենտի որոշմանը կողմ է քվեարկել ԵԽԽՎ  27 պատգավոր, 3-ը ձեռնպահ էին։

Վերջինները Իսպանիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն էին: Եվրոպացի պատգամավորներին այս անգամ զայրացրել էր Ագրամունտի ինքնագործունեությունը՝ ռուսական կողմի հետ այցելել էր Սիրիա եւ հանդիպել Բաշար Ալ Ասադի հետ։ Սա ԽՎ-ում ընկալվեց իբրեւ «աջակցություն ռեժիմին»: Սակայն մինչ այդ՝ հայկական պատվիրակության անդամները մշտապես հենց լիագումար նիստերում բարձրաձայնում էին Ագրամունտի ադրբեջանամետ կեցվածքի եւ կոռուպցիոն գարծարքների մասին:

«Պեդրո Ագրամունտն ընտրեց մինչեւ վերջ իրեն խայտառակելու տարբերակը»,- Բյուրոյի նիստից հետո  իրավիճակը գնահատեց հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: Ագրամունտի հանդեպ պատժամիջոցները սկսել էին կիրառվել դեռ երեկվանից: ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, նրան արգելվեց նախագահել այն նիստը, որին նա շատ երկար էր սպասել:

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի այս ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճում Ագրամունտն այդպես էլ չլսեց: Ու չնայած այս ամենին, ֆորմալ առումով Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահն է։ Ամեն դեպքում ԵԽԽՎ-ում որոշվել է ստեղծվել 3 անդամից կազմված միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով։ Այն վեհաժողովին պետք է եզրակացություն ներկայացնի ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։ ԵԽԽՎ շրջանակներում կաշառակերությունը բացառելու համար այս նստաշրջանի ընթացքում անցկացվել են նաեւ փակ քննարկումներ, որին մասնակցել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի՝ GRECO-ի մասնագետը:

Մշակում են տարբերակներ, թե ինչպես է հնարավոր զեկուցողի շահերի բախման վերահսկումը եւ այլ ռիսկերի կանխարգելումը: Առաջարկներից շատերը վերաբերել են հայտարարագրերի խստացմանը, նվերների հայտարարագրմանը, ծախսերի հաշվետվությունների խստացմանը, ինչպես նաև Վեհաժողովում լոբբինգի օրինական ձեւակերպմանը` դրականը բացասականից տարանջատելու համար: Սակայն, նույնիսկ այս պայմաններում, ըստ պատգամավոր Նաիրա Կարապետյանի, շատ հարցեր կան, որոնք վերահսկողությունից դուրս են մնում:

Back to top button