ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա․ վարչապետ


Տոնավաճառների աշխատակիցների բողոքի ձայը հասավ կառավարության նիստ: Վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է, թե որ փուլում են գտնվում բանակցությունները տոնավաճառների աշխատակիցների հետ: Վարդան Հարությունյանն ասել է, որ ՊԵԿ-ը իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում որևէ տնտեսվարողի չի տուգանել: «Տոնավաճառներ կազմակերպողները նոյեմբերից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը, ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում արձանագրվել է, որ արդեն կա դրական միտում, տնտեսվարողները հասկացել են, որ այս ամենը ՓՄՁ-ների դեմ ուղղված չէ, այլ միտված է խոշոր բիզնեսի շրջանառությանը»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ տնտեսվարողների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, մի քանի օրվա ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները կներկայացնեն առաջարկություններ:
Վարդան Հարությունյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորել է ՊԵԿ-ին աշխատանքները հստակ շարունակել:
«Մեր գաղափարախոսությունը հետևյալն է. ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա, միաժամանակ պետք է փաստաթղթաշրջանառությունը հստակ լինի: Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»,- ասել է Կարեն Կարապետյանը: