Պտղի սեռով պայմանավորված խտրականությունը նվազել է


Պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման մասին վերջին տարիներին խոսում են հաճախ: Խնդրով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչները, երբ երկու տարի առաջ սկսեցին հետազոտել պատճառներն ու հետեւանքները, աղաղակող թվեր ներկայացրեցին՝ արձանագրելով, որ ՀՀ-ում 1990- ականերից սկսած ի հայտ է եկել սեռերի անհամամասնության խնդիր, ավելին ՝ 2008-2012թթ. այն հասել էր վտանգավոր սահմանագծի և դարձել ժողովրդագրական լուրջ խնդիր: Ո՞րն է հիմնական խնդիրը, որ առաջ է բերում սեռով պայմանավորված հղիության ընդհատում, ինչպիսին է պատկերն այսօր՝ «Ռադիոլուրը» փորձել է պարզել մասնագետներից:
«3 տարի ունեինք կայուն ցուցանիշ 113 տղա երեխային 100 աղջկա հաշվով: Եվ 2016 թվականին նախնական ցուցանիշներով 100 աղջակա հաշվով տղաների թիվը 112-ի է հասնում»:
Սեռային խիստ տարբերակումը հիմնականում, ըստ վիճակագրի, վերաբերում է երրորդ երեխայի ծնունդին, որտեղ դեռ կան անելիքներ՝ ծնողների գիտակցական փոփոխության հարցում։ Այն հիմնական ակնհայտ է մարզերում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ, մասնավորապես, պատկերն անմխիթար է Գեղարքունիքի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: «Ռադիոլուրի» զրուցակից Անահիտ Գեւորգյանը ներկայացնում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը, 8 անդամից բաղկացած ընտանիքի ամենակրտսեր դուստրն է՝ վերլուծելով տարիների մտածողությունն ու հասարակական ազդեցությունը նշում է, «կարող է եւ ես այսօր չլինեի, եթե ծնողներս ականջալուր լինեին գյուղում կարծրացած մտածողությանը»:
Առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում 124 տղա-100 աղջիկ, իսկ երրորդ երեխայի դեպքում 100 տղա-168 աղջիկ թվային համամասնություն ունեցող Գեղարքունիքի մարզն ունի ամենացածր ցուցանիշը՝ ցավով նշում է տիկին Անահիտը, եւ պտղի սեռով պայմանավորված ընդհատման առաջին պատճառ կրկին նշում արմատացած ավանդական մտածողությունը: Ամփոփելով երկու տարի շարունակ տեղի ունեցած տարբեր՝ երիտասարդ ամուսիններ, սկեսուր, սկեսրայր, հանդիպումների ընթացքում լսածն ու տեսածը, եզրակացնում է՝ պետք է բարձրացնել մարդկաց ենթագիատկցությունը եւ «տղա երեխան է տան ծուխը շարունակողը» հոգեբանությունից դուրս գալ:
«Մարքետ Ռիսըրչ էնդ Քոնսալթնգ» ընկերությունը «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իր հերթին անցկացրել է հետազոտությունը մոտ 2000 տնային տնտեսություններում՝ մինչեւ 50 տարեկան արտադրողական տարիքի կանանց շրջանում: Համեմատելով երկու տարի առաջ կատարած դիտակրման արդյունքները՝ մտածողոթւյան եւ թվերի մեջ դինամիկ աճ է գրանցում:
<<Մարդկային զարգացման միջազգային կենտրոն>> հասարակական կազմակերպությունը, որը <<Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի>> գլխավոր ջատագովներից մեկն է, հաշվետու հանդիպման ժամանակ կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը ուրախությամբ նշեց , որ ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում օրական կյանք են պարգևել մեկ աղջկա: <<Արդյունքում ավելի քան հազար աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել>>՝ ասում է Գալստյանը՝ շեշտելով, որ ծրագիրն արդյունավետ է եղել;
Ի դեպ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալների համաձայն, առանց այս արատավոր երևույթի կանխարգելման, մինչև 2050 թվականը Հայաստանում չէր ծնվելու ավելի քան 80 հազար երեխա: Եվ եթե 2010 թ-ին հղիության արհեստական ընդհատումների թվով Հայաստանը աշխարհում երրորդ երկիրն էր՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո, ապա 2016թ.-ին Հայաստանը բարելավելով դիրքերը զարմացրել է աշխարհին՝ ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։ Նա կարծում է, որ պետություն- հասարակական սեկտոր համակարգված աշխատանքի արդյունքն է սա: