Հասարակություն

Մեկնարկել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը


Այսօր Երեւանում մեկնարկել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը: Կողմերն այն համարում են կարեւոր զարգացում՝ ԵՄ-Հայաստան նախաստորագրված նոր համաձայնագրի համատեքստում: Ե՞րբ կստորագրվի համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը, կողմերը չեն հստակեցրել: Բանակցությունների առաջին փուլի մեկնարկից առաջ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ միայն հավաստիացրել են, որ արդյունքները տեսանելի կլինեն նաեւ օդային ուղեւորափոխադրումներից օգտվող քաղաքացիների համար, այդ թվում նաեւ՝ ավիատոմսերի գների անկման տեսքով: Կողմերը չեն կարողացել հստակեցնել նաեւ, թե մոտավորապես քանի՞ տոկոսով գների անկման մասին է խոսքը: Փոխարենը վստահաբար շեշտել են, որ շուկա կմտնեն նաեւ եվրոպական ավիաընկերություններ, կլինի մրցակցություն ու դինամիկորեն կաճի ուղեւորափոխադրումների  ծավալը՝ այդ ամենից բխող բոլոր դրական հետեւանքներով: Հայաստանի քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը կարեւոր է ՀՀ-ի ավիացիայի համար՝ մրցակցային դիրքը տարածաշրջանում պահելու առումով:

Ավիացիոն ընդհանուր գոտու շուրջ բանակցությունների մեկնարկով գործնական կիրառություն է ստանում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, որն ստորագրվեց անցյալ ամիս: Այս կարծիքին է մեր երկրում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նույնպես մասնակցում էր ՀՀ եւ ԵՄ միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին. «Այսօր շատ գեղեցիկ օր է, քանի որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները նոր, կարեւոր, դրական խթան են ստանում: Ես կարծում եմ՝ շատ կարեւոր է նաեւ Հայաստանի շարքային քաղաքացիներին ցույց տալ, որ խորացված գործընկերության սկզբունքը շատ շոշափելի եւ կոնկրետ արդյունքներ է բերելու»:

Ավիացիոն ընդհանուր գոտին ամուր կամուրջ կլինի Հայաստանի եւ աշխարհի, հատկապես եվրոպայի միջեւ՝ կարծում է մեր երկրում ԵՄ դեսպանը: Նրա խոսքով՝ դեպի ծով չունեցող եւ, ցավոք, երկու փակ սահման ունեցող երկրի համար այդ ուժեղ կապակցվածությունը կոնկրետ օգուտներ կբերի շարքային քաղաքացիներին եւ տնտեսությանը: Դեսպանը հեռանկարներ է տեսնում նաեւ դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի առումով: Հայաստանը համարեց Եվրոպայի դեռեւս չբացահայտված, թաքնված անկյուններից մեկը, որը եվրոպացի զբոսաշրջիկները կբացահայտեն ստորագրվելիք օդային ընդհանուր գոտու համաձայնագրի արդյունքում: Կոմերցիոն կառույցներին, այն է՝ ավիաընկերություններին թելադրելն, իհարկե, դժվար է, բայց դեսպան Սվիտալսկին հույս ունի՝ համաձայնագիրը կքաջալերի նրանց, որպեսզի դրական դիտարկեն դեպի Հայաստան թռչելու հնարավորությունները:

Բանակցող կողմերը համոզված են՝ համաձայնագրով լրացուցիչ կապերի ու մրցակցության շնորհիվ ավիատոմսերի գները կիջնեն եւ հայաստանցիները կկարողանան ավելի շատ եւ ավելի լավ գներով ճանապարհորդել դեպի Եվրոպա եւ այլ ուղղություններով: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին չխոսեց:

«Ես չեմ ուզում նշել կոնկրետ օրեր կամ ամիսներ, թե երբ տեղի կունենա: Համենայնդեպս, մենք լիահույս ենք, որ մաքսիմալ արագ եւ հնարավորինս օպերրատիվ եւ դինամիկ պետք է գնանք առաջ: Իսկ թե Հայաստանի ուղեւորների համար ինչ շոշափելի արդյունքների մենք կհասնենք՝ ըստ էության այս ամենը բերելու է մրցակցության ավելացմանը՝ ավիաընկերությունների ակտիվացման շնորհիվ: Դա էլ, բնականաբար, իր հերթին բերելու է աշխարհագրական դիվերսիֆիկացիայի, բերելու է տոմսերի գների անկման, որակի ավելացման: Ես կարծում եմ, որ բոլոր այս սպեկտրներով մեր ուղեւորները կզգան իրենց վրա առարկայական արդյունքները»:

Ներկայումս Հայաստանում առավելաբար ռուսաստանյան ընկերություններն են աշխատում եւ մեծ մրցակցություն չկա, ինչը բերում է գների բարձրացման եւ շատ Հայաստանցիներ այսօր նախընտրում են հարեւան Վրաստանից Եվրոպա եւ այլ ուղղություններով ճամփորդելու տարբերակը: Արդյո՞ք ԵՄ-ի եւ մեր երկրի միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի եվրոպական ընկերությունների մուտքին Հյաստան եւ կնպաստի գների իջեցմանը:

ԵՄ կողմից բանակցային խմբի ղեկավար, Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլն ասաց, թե ինքը վրաստանյան գների մակարդակից տեղյակ չէ, սակայն, բավականին վստահ է, որ այս համաձայնագիրը նոր դինամիկա կստեղծի շուկայում եւ տեսանելի կլինի:

«Համաձայնագրի ստորագրամամբ կարող ենք կարգավորման դաշտ ստեղծել, որը նպաստավոր կլինի ավիաընկերությունների համար, որպեսզի շուկա մուտք գործեն: Այսօր մի շարք սահմանափակումներ կան: Նմանատիպ պայմանագրերի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավիափոխադրումների նույն ծավալն ունեցող երկրներում, այն ավելի քան կրկնապատկվել է: Գների մասով էլ՝ նկատվել է անկում մոտ 40 տոկոսով»:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, սակայն, ասաց, որ նախնական հաշվարկներ չկան, թե որքան կարող են գները իջնել: Նա նաեւ հավելեց, թե հայաստանյան եւ վրաստանյան գների տարբերությունը մեծ չէ, իսկ որոշ ուղղություններով էլ, ըստ մեր երկրի քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, հայաստանյան շուկայում առաջարկվող գները շատ ավելի ցածր են, քան Վրաստանում: Դեպի Ռուսաստան ուղղություններն էլ Հայաստանից շատ պահանջված են եւ գներն էլ պայմանավորված են դրանից բխող տրամաբանական առաջարկով՝ ասաց նա: Քաղավիացիայի պատասխանատուն կարծում է, որ համաձայնագրի ստորագրմամբ պահանջարկ կլինի նաեւ Եվրոպայի ուղղությամբ, քանի որ տնտեսվարողները՝ ավիաընկերություններն իրենց ավելի ապահով կզգան Հայաստան մուտք գործելիս:

Մենք գիտենք մի շարք եվրոպական փոխադրողներ, որոնք այսօր հետաքրքրված են այս շուկա մուտք գործելով եւ ծառայություն մատուցելով՝ տեղեկացրեց ԵՄ-ի կողմից բանացող Կլաուս Գեյլը՝ փոխանցելով նաեւ, թե նրանք անհամբեր սպասում են, որ այս համաձայնագիրը վերջնական տեսքի բերվի, ինչը նրանց համար ներդրումներ կատարելու առումով հստակ շրջանակ կստեղծի:

Միգուցե Հայաստանը կարող է դառնալ օդային փոխադրումների համար տարանցիկ երկիր, թե՛ տարածաշրջանի ներսում, թե դրսում՝ եզրափակեց ԵՄ բանակցային խմբի ղեկավար, Եվրոպական հանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը:

Ցուցադրել ավելի
Back to top button