Հասարակություն

«Կասսինի» կբացահայտի Սատուրնի առեղծվածը


Տարբեր դարերում աստղագիտությունը եղել է մարդկության ուշադրության կենտրոնում: Սատուրն մոլորակը հայտնի է եղել նախապատմական ժամանակներից։ Հին աշխարհում այն հայտնի հինգ մոլորակներից մեկն էր: Այս գազային գիգանտին մեր նախնիները անվանվել է Երեւակ: Այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում հենց այս մոլորակն է: Տիեզերական արշավներից մեկը ներկայացվում է իբրեւ իսկական ճանապարհորդություն դեպի անցյալ եւ եղած առեղծվածների նոր բացահայտումներ:

 

Ահա այսպես 1997 թվականի հոկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների Կանավերալ տիեզերակայանից մարդկությունը տիեզերք ուղարկեց «Cassini» հետախուզական տիեզերական ապարատը: 20 տարի շարունակ այն Երկիր մոլորակ էր ուղարկում արեգակնային համակարգի թերեւս ամենայուրօրինակ, հետաքրքիր եւ առեղծվածային մոլորակի՝ Սատուրնի նկարները:   

Այսօր՝ մեր ժամանակով ցերեկը ժամը 1-ի շրջանակներում «Cassini» ապարատը մուտք գործեց Սատուրնի հանրահայտ օղակների մեջ: Ամբողջ աշխարհում լրատվական միջոցները ներկայացնում են, որ մարդկությունը մոտ է բացահայտելու այդ օղակների առեղծվածը: Բացահայտումների սպասելը, սակայն, դեռ վաղ է: Ապարատը օղակների միջով շուրջ 22 պտույտ կկատարի: Այդ ընթացքում կապը Երկիր մոլորակի հետ կխափանվի: 20 ժամ հետո միայն «Cassini»-ն կկարողանա փոխանցել Սատուրնի օղակներում արած լուսանկարները:

«Լինդա Ցփիլքերը NASA-ի աշխատակիցներից է: Պատմում է, որ տիեզերական այս արշավի մեծ ավարտը թույլ կտա առաջին անգամ պատկերացում կազմել օղակների առաջացման եւ տարիքի մասին: Մասնագետները շատ ճշգրիտ կչափեն դրանց մեջ պտտվող բեկորների քաշը: <<Եթե դրանք շատ ավելի մեծ են, քան մենք պատկերացնում ենք, ապա հավանական է, որ օղակները նույնքան հին են, որքան Սատուրնը»,- ասում է Լինդա Ցփիլքերը:

Սատուրնի, կամ Երեւակի օղակները 99 տոկոսով կազմված են ջրային սառույցից, բայց մնացած 1 տոկոսի բաղադրությունը դեռ հայտնի չէ: Մասնագետները չեն բացառում, որ այդ բաղադրության մեջ կարող են լինել երկաթի փոքր մասնիկներ, սիլիկատային կամ օրգանական նյութեր: Հնարավոր է նաեւ այս ամենի համադրությունը, բայց որեւէ այլ բաղադրություն մասնագետները դեռ չեն պատկերացնում:

Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանը գտնվում է Երեւանի հենց կենտրոնում: Մասնագետների վկայությամբ՝ դիրքը լավը չէ տիեզերքն ուսումնասիրելու համար: Այստեղից Սատուրնը երբեք չի երեւում: Փոխարենը՝ կապված մոլորակի դիրքից երբեմն կարելի է տեսնել ամենամեծ մոլորակը՝ Յուպիտերը: Այստեղից երեւում է, բնականաբար, Լուսինը եւ 1-2 վառ աստղ: Մասնագետներն ասում են, որ Բյուրականի աստղադիտարանի դիրքն ավելի բարենպաստ է: Հենց այնտեղ էլ՝ աստղադիտարանի փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանն ուշիուշով հետեւում է «Cassini»-ի ճանապարհին:

Մի քանի օրից «Cassini» հետախուզական տիեզերական ապարատը կավարտի իր տիեզերական 20-ամյա աշխատանքն ու արշավը: Իբրեւ վերջնակետ կմտնի Սատուրնի մթնոլորտ՝ այնտեղ էլ այրվելով, բայց մինչ այդ Երկիր մոլորակ կուղարկի նկարների վերջին խմբաքանակը:

Կարդացեք նաև
Close
Back to top button