ԿարևորՔաղաքական

Դիմումը գրվել է մոտավորապես, առանց իրավական հիմնավորումների. Տիգրան Մուկուչյան

լրացված 17.58

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող Կոնգրես –ՀԺԿ դաշինքի դիմումը: Պատասխանող կողմն այսօր հարցեր է ուղղել դիմող կողմին, ապա ներկայացրել իր հակափաստարկները:  Դիմումը գրվել է մոտավորապես,  առանց իրավական հիմնավորումների` ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը և նշել, որ ներկայացված  փաստերի գերակշիռ մասը սոսկ դատողություններ ու ենթադրություններ են:  Ըստ նրա՝ ենթադրյալ խախտումների միայն պարզ թվարկումը բավարար չէ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, անհրաժեշտ է ապացուցել, որ այդ խախտումներն ազդել են արդյունքների վրա, ինչը դիմող կողմն, ըստ Մուկուչյանի, չի արել:

 


Գլխավոր դատախազության ներկայացուցիչն այսօր Սահմանադրական դատարանում  ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյուքները վիճարկող կողմից՝  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչներից  հետաքրքվում էր, թե   խախտումների  մասին այդքան փաստեր ունենալով՝ ինչու հանցագործության մասին որևէ հաղորդում չեն ներկայացրել դատախազություն:

Ըստ Լևոն Զուրաբյանի ՝ չեն դիմել, որովհետև իրավապահներին չեն վստահում:

«Սահմանադրական հանրաքվեի ժամանակ մենք փորձեցինք համագործակցել դատախազության հետ և ամեն օր ներկայացնում էինք հաղորդումներ, սակայն այդ բոլոր հանցագործությունները պարտակվեցին, և անգամ այն մարդիկ, ովքեր շատ ծանր հանցագործությունների համար դատապարտվեցին դատարաններում, ոչ մի օր բանտում չանցկացրեցին:

Չնայած «Կոնգրես –ՀԺԿ» դաշինքը դատախազությանն ու իրավապահներին չի վստահում, բայց Սահմանադրական դատարան դիմել է: Երեկ համարյա ողջ օրը դիմող կողմը ներկայացնում էր այն փաստերը, որոնք , իր գնահատմամբ, խոսում են ընտրախախտումների համակարգային ու զանգվածային բնույթի մասին: Այսօր դրանց առնչությամբ բացատրություններ ներկայացնելու հերթը պատասխանող կողմինն էր: Հիմնական պատասխանողը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, կարծում է, որ միայն փաստերի թվարկումը բավարար չէ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, անհրաժեշտ է ապացուցել, որ այդ խախտումներն ազդել են արդյունքների վրա, ինչը դիմող կողմն, ըստ Մուկուչյանի,  չի արել:

Տիգրան  Մուկուչյանն արդեն լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ընտրությունների արդյունքները վիճարկող ՍԴ ներկայացաված ավելի հիմնազուրկ դիմում չի հիշում: Մինչ այդ իր զեկույցում Մուկուչյանը հանգամանորեն  անդրադարձել էր դիմումին՝ նկատելով,  որ  38 էջանոց դիմումի միայն 25 էջն է բովանդակային առումով առնչվում վիճարկվող հարցին, իսկ կից ներկայացված մի քանի հարյուր էջ ծավալ ունեցող հավելվածների  95 տոկոսը,  անգամ մեծ վերապահումով,  դժվար է  փաստաթուղթ անվանել, հետևաբար դրանք  «ապացույց» համարել:

«Պատասխանող կողմը հակված է պնդելու, որ իբրև ապացույց ներկայացված թղթակցություններից և որևէ մեկը չունի առաջնային նշանակություն: Դրանք ուրիշի պատմածը, ի դեպ անգամ պատմելու հանգամանքն է խիստ անհավանական, այլ անձնաց կողմից վերարտադրության արդյունք են»։

Ի դեպ,  Տիգրան Մուկուչյանի գնահատմամբ,  հիմնազուրկ են դիմող կողմի նաև այն պնդումները, ըստ որոնց՝ ծառայողական պարտականություններ կատարելիս անձինք զբաղվել են քարոզչությամբ: Նա հիշեցրեց, որ  օրենսդրությունը հանրային ու պետական ծառայողներին չի արգելում քարոզչությամբ զբաղվել, արգելում է ծառայողական պարտականություններ և քարոզչության համադրումը, իսկ որ համադրում եղել է, դիմող կողմը որևէ կերպ չի հիմնավորել:

Դիմումի քննությունը կշարունակվի վաղը: Փաստարկներն ու հակափաստարևկները լսելուց հետո կողմերին իերնց հարցերը կուղղեն ՍԴ անդամները: Դրանից հետո արդեն դատարանը կգնա խորհրդակցական սենյակ:  Թե երբ որոշում կկայացնի դեռ պարզ չէ, բայց հստակ է, որ այդ որոշումը պետք է կայացվվի մինչև ապրիլի 29-ը: կոնգրես ՀԺԿ դաշինքի դիմումը մուտքագրվել է ապրիլի 14-ին, դրա քննության համար օրենսդրությունը 15 օրյա ժամկետ է նախատեսում , ինչն էլ նշանակում է, որ վերջնաժամկետը  ապրիլի 29-ն է:

Back to top button