Քաղաքական

Կվերագործարկվի iditord վերահսկողության համակարգը


Այսօր տեղի է ունեցել  iDitord.org ինտերակտիվ հարթակի շնորհանդեսը։  Այն ընտրությունների քաղաքացիական վերահսկողության բաց գործիք է, որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն կընձեռի գրանցելու Երևան քաղաքի ավագանու մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտնաբերված խախտումների, այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահումների մասին հաղորդումները։ Կայքը կգործի նաև Երևանի ավագանու ընտրությունների օրը և բաց կլինի բոլոր քաղաքացիների ահազանգերի գրանցման համար։


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կվերագործարկվի iditord վերահսկողության համակարգը: Այն քաղաքացիական վերահսկողության բաց հարթակ է, որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն կընձեռի գրանցել ընտրական գործընթացների խախտումները:  iDitord-ը ինտերակտիվ եղանակով կարձանագրի և կպատկերի նաև վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը: Ընտրությունների ժամանակ գրանցված խախտումները տեսանելի կլինեն կայքը բացելու առաջին իսկ վայրկյանից: Քարտեզը, որը տեղադրված է կայքի գլխավոր էջում, կարմիր ազդանշանով կմատնանշի բոլոր այն վայրերը, որտեղ արձանագրվել են ընտրախախտումներ` ներկայացնելով կայքը նշեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը:

Ցուցակներում անճշտությունների, հանրային ռեսուրսների չարաշահման դեպքերի ու ընտրակաշառքների մասին ահազանգերը ևս տեսանելի կլինեն կայքում: Իսկ որ ամենակարևորն է, այդ ամենը տեղադրվելու է անանուն: Կազմակերպությունը ապահովելու է ահազանգող քաղաքացիների գաղտնիությունը:

Արդյո՞ք կայքն ապահովագրված է հաքերային հարձակումներից. Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը չի կարող միանշանակ բացառել այդ դեպքերը: Միայն նշեց, որ այն առավելագույնս պաշտպանված է նմանատիպ հարձակումներից:

Այս հարթակի և ահազանգերի մասին կազմակերպությունը պետք է տեղեկացնի նաև ոստիկանությանը և ԿԸՀ-ին, որպեսզի դրանց  համապատասխան ընթացք տրվի՝ հայտնեց  Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը համաձայնեց, որ iditord վերահսկողության համակարգը ինչ-որ առումով թերի է գործելու, բայց որ գոնե ընտրությունների մասին ընդհանուր պատկեր կստեղծի, դրանում նա կասկած չունի:

Back to top button