Մշակույթ

Համահայկական նվագախումբ. երեւանյան դիմանկար


Հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնցից շուրջ 70-ը՝ աշխարհի 20 այլ երկրներից։ Նրանց բոլորին միավորել է համահայկական նվագախումբը, որի առաջին համերգը՝ նվիրված ցեղասպանության 102-րդ տարելիցին ու հայ ժողովրդի վերապրումին,  կկայանա այսօր ՝ Երևանի օպերային թատրոնում: Նվագախմբի երաժիշտներից շատերի համար սա կյանքի կարևորագույն իրադարձություննեից մեկն է: Ոմանք հայրենիքում են կյանքում առաջին անգամ, շատերը ` երկար ընդմիջումից հետո:

«Ծնվել ու մեծացել եմ Ֆրանսիայում։ Երբևէ չէի եղել Հայաստանում, որովհետև չէի ցանկանում գալ հայրենիք որպես զբոսաշրջիկ: Ուզում էի, որ այդ այցը լիներ շատ կարևոր մի նպատակով, և ահա′ այդ նպատակը՝ Համահայկական նվագախմբի կազմում ապրիլի 24-ին հանդես եմ գալիս Երևանում»:

Դելֆին Տեր-Ավեդիսյան-Նոկլերկ. Համահայկական նվագախմբի Ֆրանսիայի ներկայացուցիչներից մեկը. « Իմ մտապատկերում Երևանը միշտ եղել է մեծ, շատ մեծ մի քաղաք: Կասկադի բարձունքից երեկ տեսա քաղաքը՝ կարծես բռի մեջ լիներ: Տեսա Արարատը, հասկացա, որ շատ մոտ է հայ-թուրքական սահմանը: Ամեն ինչ կարծես «քով-քովի» է: Ամենից շատ ինձ ապշեցնում են աչքերը. բոլորիս աչքերը նույնն են, նաև քաղաքի, շենքերի գույնը. ասացին` տուֆ է»:

«Ես շատ եմ ճանապարհորդել, բայց որևէ տեղ այս գույները չեմ տեսել: Ապշեցնող զգացողություններ են»,-ասում է Դելֆինը, որը Հյաստան է ժամանել Ֆրանսիայից»:

Ծովակ Պաղպուտարյան: Համահայկական նվագախմբում Սիրիայի ներկայացուցիչն է

«Փորձի առաջին իսկ վայրկյաններին այնպիսի տպավորություն էր, որ բոլորս միմյանց ճանաչում ենք շատ վաղուց: Համոզված եմ՝ շատերս այստեղից հեռանալու ենք որպես ընկերներ»,-ասում է Ծովակը:  Միացյալ նահանգներից ժամանած Սիլվի Զաքարյանի համար Հայաստանում ամենատպավորիչը հայերենն է, բոլորը խոսում են քո լեզվով, ու դու անընդհատ լսում ես քեզ հարազատ հնչյունները»,-ասում  է զրուցակիցս:

Սիլվի.  «Հայերին քով-քովի բերելու հրաշալի գաղափար է: Չգիտեմ՝ այսպիսի առիթ մեկ էլ կլինի՞, թե ոչ: Երեք տարի առաջ, երբ առաջին անգամ եկա Երևան, տասը օր քայլելուց հետո կոշիկներս ձգեցի ու գնացի: Այժմ հիանալի փողոցներ ունի Երևանը: Իսկ ամենատպավորիչը հայերենն է, բոլորը խոսում են քո լեզվով ու դու անընդհատ լսում ես քեզ հարազատ հնչյունները: Աննկարագրելի զգացողություններ են»:

Թամար Էսկենյան. Ծնվել է  Լիբանանում, ապրում է  Շվեյցարիայում: «Երկու ծնողներս էլ հա′յ են»,- ընդգծված հպարտությամբ ասում է ֆլեյտահար Թամարը:

«Ծնողներս Քյութահիայից են և Այնթապից: Քյութահիայի կողմից՝ ազգակից ենք Կոմիտասին: Մեծ մայրս և հայրս Դեր Զորի անապատով Այնթապից հասել են Սիրիա, հետո՝ Լիբանան: Մայրական կողմիս հարազատները փախել են Հունաստան, ապա տեղափոխվել Սիրիա»:

Համերգներով շրջել եմ գրեթե ամբողջ աշխարհում, բայց առաջին անգամ է, որ պիտի հանդես գամ հայրենիքում: Չափազանց հուզված ու զգացված եմ: Փայլուն գաղափար է սա՝ ապագային միտված հնարավորություններով:

Կարինե Վարդանյան (Իսպանիա). Հայրենիքում է առաջին անգամ:

«Ես հնարավորություն ստացա մասնակցելու մի նախագծում, որը նվիրված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջին: Այն իր հետքն է թողել ողջ հայության ճակատագրի վրա և յուրաքանչյուրիս հոգու մեջ: Հայ կոմպոզիտորների նոտաների շնորհիվ այդ պատմության մեջ մխրճվում ես ամբողջությամբ. կարծես նորովի ես վերապրում պատմությունը, ամբողջությամբ զգում ես՝ ի′նչ է գրել հայ մարդը, ի′նչ է ուզում ասել հայ դիրիժորը, որը ղեկավարում է նվագախումբը: Ես հայ երաժշտության սիրահար եմ, բայց երբևէ առիթ չէի ունեցել նվագելու հայ երաժիշտների հետ: Շփվում ես նրանց հետ, ու քեզ թվում է՝ բոլորը հարազատ են, նույն պատմության ու նույն ճակատագրի կրողը: Սա ընտանիք է, և չափազանց հաճելի է զգալ որպես այդ ընտանիքի մի մասնիկը: Սա բացառիկ հնարավորություն էր, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

Ջութակահար Կարեն Իսրայելյանն արդեն ութ տարի ապրում ու աշխատում է Ճապոնիայում։ Ոչ միայն ճապոնուհի կին ունի, այլև ճապոնուհի զոքանչ ու հայ-ճապոնացի որդի: Նվագում է ճապոնական նվագախմբում, դասավանդում ճապոնական ակադեմիայում: Լեզուն յուրացնելն արդյո՞ք դժվար չէր, հարցին արձագանքում է՝ երբ բառերն ավարտվում են, օգնում է երաժշտությունը: Համահայկական նվագախմբի գաղափարի մասին նրա կարծիքը.

«Աշխարհի ցանկացած ծայրում, երբ երկու հայ երաժիշտ հանդիպել ենք, այդ միտքը միշտ ծնվել է: Մեր շրջանում միշտ խոսել ենք այդ մասին՝ եթե հայ երաժիշտները հավաքվեն, մի ամբողջ նվագախումբ կձևավորվի: Այս օրերին մենք պարզեցինք, որ ոչ թե մեկ, անգամ մի քանի հայ նվագախումբ կարող է ձևավորվել, ընդգծում եմ ՝ միայն պրոֆեսիոնալ երաժիշտներից»:

Բելգիայից ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանի մտապատկերում մանկության տարիների ու ներկայի անընդմեջ համեմատություններն են: 1989-ին ծնված Սևակը 13 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեց Բելգիա: Շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում է առաջին անգամ: Ւնչպիսին են զգացողությունները…

«Շատ բան է փոխվել ու նաև չի փոխվել, էլի՛ իմ տունն է սա: Ինձ համար կարծես ամեն ինչ նույնն է, որովհետև երբեք չեմ կտրվել այս իրականությունից, անընդհատ հետևում եմ՝ ինչ է կատարվում այստեղ, ընկերներս գալիս, պատմում են: Այն, ինչ այստեղ հասարակ բան է թվում, թեկուզ հայերեն ինչ-որ գիրք, ինձ համար շատ կարևոր է: Ով գալիս է Հայաստան, խնդրում եմ, որ ինձ համար մի բան բերի: Հիմա ես տուն եմ եկել, ու ավելի լավ տեղ չկա»:

Տիգրան Դանիելյան /Իսպանիա/. «Համահայկական  նվագախումբը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը: Այն պետք է հանդես գա աշխարհի տարբեր անկյուններում՝ անկախ նրանից այդտեղ հայ կա,  թե՝ չկա, որովհետև հայկական երաժշտությունը չտեսնված երևույթ է: Ես շատ ցավում եմ, որ մեր հզոր մշակույթը գտնվում է նեղ  սահմաններում ու դուրս չի գալիս: Այն ոչ միայն մեզ կարող է հարստացնել, այլև աշխարհը»:

Իսպանիայից է ժամանել նաև Արտեմ Քեշաբյան: Յոթ տարեկանում է  հեռացել Հայաստանից: Հիշողությունները շատ չեն, հիշում է միայն Երևանի լավ եղանակը, սառը ջուրն ու տաք մարդկանց: «Թվում է՝ թե տուն եմ վերադարձել երկար բացակայությունից հետո»,-ասում է Արտեմը:

«Ընդհանրապես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ինձ համար յուրահատուկ նշանակություն ունեն Հայաստանը, Երևանը: Այս ամենը ապրում է սրտիդ մեջ ու երբևէ չի անհետանում»:

«Սա ինձ համար երկար սպասված հանդիպում էր ու տպավորություններս անբացատրելի են: Այստեղ ամեն ինչ ինձ համար հայտնագործություն է: Մեկ տարեկան եմ եղել, երբ հեռացել ենք Հայաստանից: Կարելի է ասել, որ առաջին անգամ եմ իմ հայրենիքում»:

Իսկ ինչ է զգում  մարդը, որն առաջին անգամ կանգնել է իր հայրենի հողի վրա: Ռուսաստանից եկած Մարատ Ավանեսյանին ուղղած իմ հարցին հետևում  է երկար դադար՝ լցված չափազանց խոր ապրումներով, երիտասարդ տղամարդու մեծ դժվարությամբ զսպված արցունքներով ու լարվածությունից կարմրած դեմքով:

«Դա ներքին անբացատրելի մի  հոգեվիճակ է: Մենք գիտենք, որ հայերն աշխարհում ամենուր են, բայց ոչ մի բանի հետ չհամեմատվող զգացողություն է, երբ դու առաջին անգամ հայտնվում ես հայկական «էպիկենտրոնում»՝ քո հարազատ հողում և ամենուր տեսնում ես այդ հարազատ դեմքերը: Թվում է՝ բոլորի մեջ նույն սիրտն է բաբախում ու բոլորը նույն կերպ են զգում աշխարհը: Այս զգացողությունն  այնքան խորն է նստում հոգուդ մեջ.  չգիտեմ՝ գուցե հենց սա էլ հայրենիք ասվածը»:

Այս օրերին Մարատի ամենավառ տպավորությունները՝ գիշերային Երևանը Կասկադի բարձունքից ու Արարատ լեռը՝ այդքան մոտ:

Ցուցադրել ավելի
Back to top button