Հասարակություն

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորի մանդատը նրա ժառանգները կհանձնեն Հայոց ցեղասապանության թանգարան-ինստուտին


Օսմանյան կայսրության խոհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Սերենգուլյանի մանդատը նրա ժառանգները ցանկանում են հանձնել Հայոց ցեղասապանության թանգարան-ինստուտին։ Այս մասին Թբիլիսիիում «Ռադիոլուր»-ին փոխանցել է Սերենգուլյանի թոռնուհին՝ պատմելով այն ամենի մասին, որով անցել են նախնիները:

Ցեղասպանության զոհ դարձած օսմանյան կայսրության խոհրդարանի հայազգի 7 պատգամավորներից մեկի՝ Վարդգես Սերենգուլյանի կինը ամուսնու վերջին  նամակն աքսորի ճանապարհից ստանալով, այնուհետև համոզվելով, որ նրան սպանել են,  գաղթում է Թիֆլիս։

1915-ի հունիսի 20-ին Հալեպից  ուղարկված նամակում Վարդգես Սերենգուլյանը կնոջը գրում է՝ «Սիրելիս, մեր վիճակը շատ հուսատու վիճակ չէ, և եթե պաշտպանող ձեռքը մը չլինի, դժվար թե անգամ մըն ալ ամուսինդ կարողանաս տեսնել»։ Նույն նամակում Սերենգուլյանը նաև տեղեկացնում է, որ կրկին դիմել է Թալեաթ փաշային, որովհետև վստահ է՝ միայն նա կարող է օգնել։ Սերենգուլյանի թոռնուհին՝ Իզաբելա Սերենգուլյանը պատմում է տատից լսած տեղեկությունները․

«Տատս ասում էր, որ իրենք այդ օերրին մեծ հույսեր ունեին, որ Թալեաթը կօգնի ամուսնուն. նա շատ մտերիմ էր պապիս ու Զոհրապի հետ․ Թալեաթը Պոլիսում իրենց տանը մի քանի անգամ հյուրընկալվել է, տատս քանի անգամ նրա համար սուրճ է պատրաստել»:

Թալեաթը, սակայն,  Վարգես Սերենգուլյանի ու Գրիգոր Զորհապի ձերբակալման հրամանը նույն օրն էր տվել՝ նրանց ծանր տանջանքների ուղարկել Քոնյա, Ադանա, Հալեպ և Ուրֆա ճանապարհներով, որտեղից տունդարձ չէր լինելու։ Զոհրապը տիկին Իզաբելայի հոր՝ Հրանտի կնքահայրն էր, ընտանիքի բարեկամը։ Վարդգես Սերենգուլյանը աքսորի ճանապարհներից կնոջը խորհուրդ է տալիս  «ըրած դիմումներուդ մասին ամեն մարդու մի խոսիր, և ոչ ալ ամեն մարդու բացատրե, տիկին Զոհրապին հետ կխորհիք և կընեք»։

«Այս նամակում նա տատիկին խնդրել է չամուսնանալ, որպեսզի տղաները ուրիշին հայրիկ չանվանեն»,-պատմում է Իզաբելա Սերենգուլյանը` նամակը խնամքով տեղավորելով թուրքական վայրագությունների զոհ դարձած պապի մասին պատմող արկղում, որտեղ պահվում են Էրզումից պատգամավոր ընտրված պապի ձեռնոցները, լուսանկարները, տարբեր իրեր…

Սերենգուլյանը ձերբակալվում է, երբ երկրորդ որդին նոր էր ծնվել։ Վերջին նամակում նա կանխազգալով մոտալուտ մահը, կնոջ գրում է՝ «Եթե ուշանամ, պզտիկիս անունը Վարդգես դիր, համբուրե զիրենք ամեն օր պապային կողմեն, որ քեզ ջերմագեն կսեղմե իր կուրծքին»։

Հռիփսիմե Սերենգուլյանը փոքրիկ Վարդգեսի և հինգ տարեկան Հրանտի հետ որոշում է հաստատվել Թիֆլիսում, որտեղ բարեկամներ ուներ։ Ֆրանսերենի մասնագետ Սերենգուլյանը աշխատանքի է անցնում թբիլիսահայ հարուստ  աֆրիկյաննների ընտանիքում, ֆրանսերենի դասեր տալիս տան երեխաներին։ Այնուհետև դասավանդում է հայկական դպրոցում, միաժամանակ ապրուստի գումար վաստակում նաև մանկության տարիներին էրզրումում սովորած ասեղնագործությունից։

«Նա միշտ ասեղը ձեռքին էր: Շատ բան չէր պատմում, թաքցնում  էր այս իրերը։ Իր հետ բերած փաստաթղերի մի մասը այրել է 37 թվականին, շատ է անհագստացել որդիների համար, իսկ  մեջլիսի մանդատը զգուշորեն միշտ թաքցրել է ․․.»

Սերենգուլյանի թոռնուհին այժմ այն ցանկանում է փոխանցել Հայոց ցեղասապանության թանգարան-ինստուտին:

Back to top button