Աֆղանստանում թալիբների գրոհից հայ զինծառայողները չեն տուժել


Լուսանկարը՝ AFP- ի
Աֆղանստանում ռազմաբազաներից մեկի վրա թալիբների այսօր իրականացրած գրոհի ժամանակ հայ խաղաղապահները չեն տուժել՝ հայտնել է ՊՆ մամուլի քարտուղարի Արծրուն Հովհաննիսյանը։
«Մազարի-Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավելի քան 140 մարդ են սպանել Աֆղանստանի հյուսիսում տեղակայված Մազարի-Շարիֆ ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ` հայտնել է «Ռոյթերը»՝ վկայակոչելով աֆղանական պաշտոնական աղբյուրները։ Թալիբները հարձակվել են մզկիթի և ճաշարանի վրա, որտեղ եղել են աֆղանական բանակի զինծառայողներ և ռազմաբազայի քաղաքացիական աշխատողներ։
Աֆղանական բանակի համազգեստով թալիբները ռազմաբազա են ներխուժել երկու մեքենայով` անցակետում ասելով, որ մեքենաներում վիրավորներ կան։