Զարգացման լավագույն 20 ծրագրերը ներկայացրած համայնքապետերը երեկ վարչապետի մոտ էին


Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը:
«Կա մի պարզ տրամաբանություն. մենք այստեղ նստած չենք կարող համայնքի ծրագրերը, խնդիրներն ավելի լավ պատկերացնել, քան տեղական ինքնակառավարման մարմինները»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը կարևորել է նաև նախատեսվող նպատակային միջոցառումների իրականացումը և առաջարկել դիտարկել համայնքային տարբեր ծառայությունները՝ աղբահանություն, լուսավորություն, ճանապարհների սպասարկում և այլնը մասնավոր կառավարիչներին հանձնելու հարցը:
«Ցանկանում ենք համայնքների ղեկավարները շահագրգռված լինեն, որպեսզի իրենց համայնքների շուրջ ձևավորվի բիզնեսի ներգրավման միջավայր, աստիճանաբար ձևավորվի համայնքի ինքնաբավ, մոտիվացնող բյուջե: Մենք միանշանակ հետևողականորեն գնալու ենք դրան»,-ասել է կառավարության ղեկավարը: