Աղբահանության խնդիրները՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Հայաստանի աղբահանության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում է: Վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ է հանրապետության տարածքում իրականացվող աղբահանության աշխատանքներից: Կառավարության ղեկավարի խոսքով, այսօրվանից մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքրել ճանապարհամերձ հատվածների աղբի կուտակումները, մաքրել գյուղերն ու քաղաքները, ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային վայրերին:
Վարչապետ Կարեն Կարապետյան.« Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների՝ տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը: Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման համար, այլ նաև հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աբղը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար»:
Հիշեցնենք, զբոսաշրջությունը Հայաստանում գերակա ուղղություն է հռչակված: Ըստ Կարեն Կարապետյանի, Հայաստան այցելող զբոսաշրջիկները հատկապես դժգոհ են աղբի կուտակումներից:
«Անթույլատրելի վիճակ է»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Խնդիրները լուծելու համար հանձնարարական է ստացել նաև ոստիկանապետը՝ «մեկ ամսյա ժամկետում ապահովել չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ուժշերով կանխարգելելը»: