Հասարակություն

Մալաքե Թաուս. Հայաստանի եզդիական համայնքը նշում է Նոր տարին


Մալաքե Թաուս. այսպես են անվանում եզդիներն իրնեց Նոր տարին, որը տոնվում է ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: Ինչու՞ այս օրը և ինչու՞ հենց առաջին բարեմաղթանքը հանգուցյալներին, ի՞նչ են մաղթում միմյանց Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները, ի՞նչ ուտեստներ են համտեսում հենց այս օրը:

 

 

Ապրիլի 19-ին Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը` եզդիների համայնքը, տոնում է նոր տարին կամ իրենց լեզվով` Մալաքե թաուսը, որ նշանակում է տարվա գլուխ: Տոնում են այն չորեքշաբթի, երբ մըլըկե թաուսն առաջին անգամ եկել է երկիր` հանդարտեցնելու երկրաշարժը ու  տարածելու սիրամարգի գույները աշխարհով մեկ: Այս տոնը հայտնի է այլ անվանումներով։

Վերջերս ավելի հաճախ գործածվում են «Չարշամա Սոր», որը եզդիերենից թարգմանվում է որպես կարմիր չորեքշաբթի կամ «Մալաքե Թաուս»՝ հրեշտակ Թաուս անվանումները: Պետք է նշել, որ իրենք՝ եզդիները, նույնպես այս տոնը նույնացրել են կարմիր գույնի հետ: Տոնի մասին «Ռադիոլուրին» մանրամասներ է պատմում Հանրային ռադիոյի եզդիերեն ռադիոհաղորդումների ավագ խմբագիր, վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը:

Եզդիները տոնի կապակցությամբ գերեզմանատուն են գնում՝ շնորհավորելու  ու հարգանքի  տուրք մատուցելու  ննջեցյալներին,  քանի որ հավատում են, որ հոգին հավիտենական է և պետք է շնորհավորել նրանց նույնպես: Այնուհետև  հենց գերեզմանատանը սեղան են պատրաստում: Կանայք ու տղամարդիկ նստում են առանձին սեղանների շուրջ:

Այս օրը հիմնականում ավանդական ուտեստներ են մատուցվում. պատրաստվում է խաշլամա, սաջի խորոված` գառի մսով, բրնձով ու չամիչով փլավ և ներկած հավկիթներ, որոնք իրենց խորհուրդն ու նշանակությունն ունեն: Ըստ եզդիական հավատալիքի, հավկիթը երկրագնդի փոքր օրինակն է:

Շարունակելով ներկայացնել եզդիական Նոր տարվա  ավանդույթները՝ «Ռադիոլուրի» զրուցակիցը նշում է  որ հատուկ այդ օրվա համար թխում են գաթա՝ «Կալոճ», մեջը ուլունք կամ մետաղադրամ են դնում, ու տան տղամարդը բաժանում է այն ընտանիքի անդամներին։ Ում բաժին է ընկնում ուլունքով մասնաբաժինը, նրա անձի հետ էլ կապվում է տարվա հաջողությունը:

Back to top button