Վերլուծական

Ինչ ծրագրեր ունի Էրդողանը


Թուրքիայում կայացած հանրաքվեն առիթ է խոսելու այդ երկրի քաղաքականություն հնարավոր փոփոխությունների մասին: Ուր է գնում Անկարան և ինչ ծրագրեր ունի Էրդողանը, փորձում է  պարզաբանել դեսպան Արման Նավասարդյանը, իսկ Թուրքիայից հայ փորձագետը խոսում է միայն սոցիալական հարցերում առաջընթացի հնարավորության մասին:

 


Բեկումնային պահ Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության համար. հանրաքվեից հետո իրավիճակն այսպես է բնութագրում արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Հանրաքվեից հետո նա արդեն համոզվել է, որ 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպիչը հենց Էրդողանն էր և նպատակն այսօրվա սահմանադրական հանրաքվեի անցկացում էր: Էրդողանն այսպիսով անցնում է ավտորիտար ու տոտալիտար ռեժիմի հաստատման՝ կարծում է դեսպանը։

Ասվածի հիմքը՝ մահապատժի վերականգնման մասին հայտարարություններն են՝ ասում է. «Եթե այդպես լինի՝ մահապատժի վերականգնում, ապա կնշանակի երես թեքել ԵՄ- ից ու շրջվել դեպի Արևելք։ Եթե այդպես եղավ, ապա սուլթանական երկիր է դառնում Թուրքիան»:

Որքան էլ զարմանալի հնչի, սակայն դիվանագետը կարծում է, որ եթե Թուրքիան դառնա ավտորիտար պետություն, ավելի լավ լինի ՀՀ-ի համար: Պետք է կարծրատիպերից դուրս գալ ու ճիշտ գնահատել կատարվածը՝ նկատում է. «Բախումներն ու լարվածությունը այդ երկրում լավ չեն ՀՀ-ի համար»:

Թուրքիայում բնակվող հայերի վրա որևէ ազդեցություն չի ունենա այս հանրաքվեն, բնականոն կյանքը կշարունակվի՝ ասում է Անկարայից  փորձագետ Դիանա Յալոյանը: Նա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ է աշխատանք տանում, սոցիալական ոլորտում տեղաշարժեր է նկատում, սակայն դա չի նշանակում, թե դիվանագիտական հարթությունում կարող է տեղաշարժ գրանցվել՝ ասում է:

Թուրքիայի համար այսօր առաջնահերթ է սիրիական հարցը, և այդ հարթությունում, ըստ դեսպան Նավասարդյանի, Էրդողանն ավելի դաժան կդառնա, քանի որ նպատակը օսմանյան կայսրության վերականգնում է, ու առաջին հերթին հենց Սիրիայում։ Այդ նպատակին հասնելու համար Անկարան ոչնչի առջև կանգ չի առնի։ Իհարկե՝ այս հարցում զսպողի դերում կփորձի լինել ՌԴ-ն։ Թե դրանից ինչ կստացվի՝ ժամանակը ցույց կտա՝ եզրակացնում է դիվանագետը։

Back to top button