Հասարակություն

Արսեն Խոջոյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Տավուշի մարզի Բերդի նստավայրի դատարանն անչափահաս աղջկա սպանության համար Արսեն Խոջոյանին այսօր դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանը:

«Դատարանում պաշտպանի ճառից հետո Արսեն Խոջոյանն ասաց, որ ընդունում է մեղքը և ներողություն խնդրեց տուժող կողմից: Ինչ վերաբերում է պատժաչափին, ապա նա ավելին էր ակնկալում»,- ասել է պաշտպանը:

Հարցին, թե վերաքննիչ բողոք ներկայացվելու է, Մեժլումյանն ասել է, որ այս դատավճռի հրապարակումից հետո Արսեն Խոջոյանը նման ցանկություն չի հայտնել։

«Բողոքարկման համար նախատեսված ժամկետում գուցե Արսեն Խոջոյանը մտափոխվի, սակայն այս պահի դրությամբ նա վերաքննիչ բողոք ներկայացնելու ցանկություն չունի»,– ասել է նա:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին Բերդ- Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն գյուղի անչափահաս բնակչուհի Աստղիկ Հանիսյանին, ով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր:

Արսեն Խոջոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Նշենք նաև, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին և հայրենիք էր վերադարձվել նույն թվականի ապրիլի 10-ին:

Back to top button