Հասարակություն

Ձեռնարկատիրական կրթություն` դպրոցներում


Բիզնես մտածելակերպը 21-րդ դարի մարտահրավերներից է, որը ձևավորելու համար պետք է սկսել համապատասխան կրթության ներդրումից: Ուստի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը այսօր ստորագրել են հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ համագործակցության հուշագիր: «Ձեռնարկատիրական հմտությունները», որոնք նոր ուսումնական տարվանից դասավանդելու են հանրապետության բոլոր դպրոցներում, չեն լինելու առանձին առարկայի տեսքով: Գործող մի խումբ առարկաների մեջ պարզապես կընդգրկվեն բիզնես հմտություններ:

Բիզնես կրթության ներդրման առաջին քայլերն այսօր արեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Ծրագիրը, որը կգործարկվի նոր ուսումնական տարվանից, սովորողներին կզինի ձեռնարկատիրական հմտություններով և կխթանի նրանց նորարարական մտածելակերպը՝ կարծում են ծրագրի նախաձեռնողները։ Կարևորելով հանրակրթական դպրոցներում ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությունը` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ այն կդասավանդվի տարրական դպրոցի 2-4 , հիմնական դպրոցի 4-7, ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում:

Երեխան դեռ փոքրուց պետք է սովորի, որ գումարը միջոց է և ոչ թե նպատակ: Երեխան պետք է ունենա սոցիալական պատասխանատվություն և իր գործունեության ընթացքում ստացած գումարները օգտագործի ոչ միայն սեփական կարիքների, այլև հանրային օգտակարության համար՝ նկատում է նախարարը: Դիտարկման հետ համաձայնելով՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ ծրագրի արդյունքում երեխան շատ ավելի խելացի սպառող կդառնա, քան, օրինակ, ավագ սերունդը:

Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը կմշակի ու կառավարության հաստատմանը կներկայացնի ԿԳ նախարարությունը, ուսուցիչների վերապատրաստման հարցում էլ կաջակցի  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը: Ի դեպ՝ «Ձեռնարկատիրական հմտությունները», որոնք նոր ուսումնական տարվանից դասավանդելու են հանրապետության բոլոր դպրոցներում, չեն լինելու առանձին առարկայի տեսքով: Գործող մի խումբ առարկաների մեջ պարզապես կընդգրկվեն բիզնես հմտություններ:

Բիզնես հմտությունները որպես առանձին առարկա դասավանդվելու են միայն ավագ դպրոցում: Բայց արդյո՞ք այս դեպքում մտավախություն չկա, որ այս ծրագրի ներդրումը կստվերի արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում բիզնես հմտությունների դասավանդումը։ Առանց այդ էլ գործատուին նախապատվությունը տալիս է բուհ- իշրջանավարտին, և ոչ թե միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտածներին: «Ռադիոլուրի» այս դիտարկմանն ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ այսպես թե այնպես փորձը ցույց է տվել, որ բարձրագույն կրթության են ձգտում նաև արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

Միևնույն ժամանակ՝ այնքան գրավիչ պետք է դառնա այդ կրթությունը, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտող շրջանավարտն այլևս չձգտի բարձրագույն կրթության, այլ միանգամից գտնի աշխատաշուկայում իր տեղը: Իհարկե գաղտնիք չէ, որ կան մի շարք մասնագիտություններ, որոնց կարիքն աշխատաշուկայում կա, սակայն, ինչպես ասում են, դրանք մոդայիկ մասնագիտություններ չեն։ ԿԳ նախարարն այստեղ փոխադարձ կապ է տեսնում: Ոչ միայն կրթության որակի, այլև աշխատաշուկայի ձևավորման խնդիր ունենք` ասում է: Իսկ չձեւավորված աշխատաշուկան ազդում է նաև կրթության որակի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button