Մշակույթ

Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը


Ապրիլի 19-ից մայիսի 30-ը Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային  9-րդ մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվում է  Հայաստանի հանրապետության ՝ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին: Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնի աջակիցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանյան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ուղղված լրագրողների հարցերն այսօր  վերաբերել են ոչ միայն առաջիկա փառատոնին:


9-րդ «Վերածնունդին» մասնակցում են ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ շուրջ 40 երկրից: Ավանդական դարձած մրցույթ-փառատոնը կմեկնարկի ապրիլի 19-ին,  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  պետական դրամատիկական թատրոնում:

«Գյումրիի մշակութային կյանքում «Վերածնունդը» ոչ թե սոսկ միջոցառում է, այլ երևույթ»,-ասում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղի տնօերն, փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը:

«Այս փառատոնը նպաստում է հանրապետության երաժշտական դպրոցների կրթական մակարդակի բարձրացմանը, որովհետև շատ-շատերը լրջորեն նախապատրաստվում են սրան: Փառատոնի 18 անվանակարգերին այս տարի գումարվել է ևս մեկը՝ «Զինվորական նվագախմբեր և երգչախմբեր»: Գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ աղետի ենթարկվեց Ալեքսանդրովի անվան երգչախումբը տեղափոխող ինքնաթիռը: Մեր փառատոնին կմասնացեն այդ երգչախմբի՝ աղետից  փրկված երկու անդամները»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ իր խոսքում նշեց, որ փառատոնին մասնակցող պատանի երաժիշտներն ամեն տարի իրենց սրտում տանում են Հայաստանի մի մասնիկը՝ դառնալով մեր երկրի մշակութային յուրօրինակ դեսպանները աշխարհի  տասնյակ երկրներում: Փառատոնը նախարարը կարևորեց նաև նրանով, որ Գյումրիում այն իր հետևից նաև բազմապատկվող  տնտեսական էֆեկտ է ապահովում, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման, տեղի մշակութային արժեքները ներկայացնելու առումով: Փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում Մշակույթի նախարարին ուղղված լրագրողների հարցերը վերաբերում էին ոչ միայն առաջիկա փառատոնին: Օպերային թատրոնում ռեստորան ու այլ ենթակառուցվքներ կառուցելու հարցը դարձյալ օրակարգում էր: Լրագրողի հարցին ի պատասխան նախարարն ասաց. «Մտադրություններն այդ հարցում  չեն փոխվել»:

«Այդ հարցի սպառիչ պատասխանը տվել եմ դեռևս անցյալ շաբաթ «Շանթ» հեռուստաընկերության եթերում, և մեր մտադրությունները որևէ կերպ չեն կարող փոխվել: Ես պարզապես պետք է կոչ անեմ, որպեսզի մեր հասարակությունը իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է վերաբերել ռեստորանին և այն ենթակառուցվածքներին, որոնք նախաձեռնում ենք ստեղծել Օպերային թատրոնում: Ես հասկանում եմ, որ մարդիկ երևակայում են այն, ինչ տեսել են, բայց պետք վերատեսության ենթարկել ռեստորան հասկացողությունը: Չի՛ կարելի ռեստորանն անպայման կապել այն ուտեստների հետ, որոնց մասին գրում են սոցցանցերում»:

Արմեն Ամիրյանը առաջարկեց հարցը դիտարկել ոչ թե հանրության մի շերտի պատկերցումների շրջանակում, այլ Օպերային թատրոնի ընդհանուր խնդիրների լուծման համատեքստում: Այն քննադատություններին, թե ստեղծագործական կարևոր խնդիրները թողած ռեստորանի ու շոգեբաղնիքի հարցեր են լուծում, նախարարն արձագանքեց.

«Դուք չեք խոսում այդ ամենի մասին, խուսում եք ընդամենը մի բանի մասին, բայց իրականում այս տարի մենք ծրագրել ենք ավելի քան հինգ նոր ներկայացում, որոնք գնել ենք եվրոպական տարբեր թատրոններից և կտեղայնացնենք մեր Օպերային թատրոնում: Ձեռք ենք բերել սարքավորումներ, որոնց շնորհիվ Երևանի օպերան առաջիկայում կներկայանա վիրտուալ իրականության դեկորացիաներով: Հավատացե՛ք, որ աշխարհի շատ առաջատար թատրոններ չունեն այդ հնարավորությունը, և սա շատ լուրջ ձեռքբերում է: Մեր թատրոնում արդեն գործում է թարգմանչական վահանակը, որը ևս կարևոր ձեռքբերում էր»:

Արմեն Սմիրյանը նշեց, որ Օպերային թատրոնում իրականացվող բոլոր փոփոխությունների նպատակն է  փոխել մթնոլորտը, որպեսզի մարդիկ Օպերա հաճախեն ոչ թե ջինսով, այլ պատշաճ հագուստով, որպեսզի հանդիսատեսն իր երեկոն ընտանիքի հետ գեղեցիկ կազմակերպելու հնարավորություն ունենա: «Այս ամենն անելու համար պետք է սկսել նաև ենթակառուցվածքներից»,-ասաց Ամիրյանը:

«Մենք պարզապես պետք է կանոնակարգենք դաշտը: Մրցույթը հենց դրան է ուղղված»,-Արմեն Ամիրյանի արձագանքն էր արդեն  քարանձավների մրցույթի շուրջ ստեղծված աղմուկի առիթով:

«Հավատացե՛ք, ցանկացած քարանձավի կամ պատմամաշակութային հուշարձանի  պատճաշ մակարդակով պահպանումն ու շահագործումը կարող է իրականացվել, եթե այն օգտագործվի խաղի ճիշտ կանոններով և զբոսաշրջության զարգացման նպատակով: Սա շատ կարևոր է: Ի՞նչ է կատարվում այսօր մեր քարանձավներում. բացիթողի վիճակ, գումար են վերցնում, որպեսզի զբոսաշրջիկները ներս մտնեն: Ո՞վ է վերահսկում դա, չկա’ վերահսկողություն: Ունենալով հստակ պայմանագրեր և պայմանավորվածություններ, մենք կկարողանանք և՛ վերահսկել այդ հոսքերը, և՛ ապահովել քարանձավներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքը, և՛ այդ հուշարձանները հանրահռչակել աշխարհով մեկ»:

Արմեն Ամիրյանն ասաց, որ զբոսաշրջության փաստն արդեն առկա է քարանձավներում: Մարդիկ տոմս են վաճառում ու ապօրինի դրամ  վաստակում, որը, բնականաբար, չի ուղղվում ոչ քարանձավների պահպանմանը, և ոչ էլ սպասարկմանը:

«Խոսքը վերաբերում է նրան, որ մենք պետք է պարզապես կանոնակարգենք դաշտը»,-ասաց նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button