Քաղաքական

Եթե դրացիդ բարի չէ, պետք էլ չէ բարիդրացիություն հաստատել. «Ակոսի» խմբագիր

Ապրիլի 16-ին անցկացրած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Թուրքիան անցում կատարեց նախագահական կառավարման համակարգին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այս նախաձեռնությանը կողմ քվեարկեց հանրաքվեի մասնակիցների 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Այսուհետ Էրդողանն ունենալու է բանակի, գլխավոր շտաբի, կառավարության անդամների վրա ուղղակի ազդեցություն: Վերացվում է վարչապետի ինստիտուտը եւ նախագահն է դառնալու կառավարության փաստացի ղեկավար: Նա միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն:

 

Թուրքիայի խոշոր քաղաքները դեմ են քվեարկել, քրդաբնակ շրջանները եւս: Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ  Թուրքիայում առկա մասնատվածությունն ավելի խորացել է,  ինչն անշուշտ հետագա քաղաքական գործընթացներում զգացնել կտա՝ համոզված է թուրքագետ Լևոն  Հովսեփյանը:

Անկարայից Տնտեսական քաղաքականության հետազոտություններ հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի փորձագետ Դիանա Յալոյանն էլ  ուշագրավ համարեց այն, որ հանրաքվեն անցկացվել է  արտակարգ դրության պայմաններում և հանրաքվեից հետո Թուրքիայի բնակչությունը հեռախոսային հաղորդագրություն է ստացել, որ շարունակվելու է  արտակարգ դրությունը:

Նա տեղեկացրեց, որ  այսօր մեր արևմտյան հարևան երկրի փողոցներում հանգիստ է վիճակը: Բայց  քանի որ հանրաքվեն 60 տոկաս «Այո» չապահովեց,  ուստի հաջորդ ընտրություններում իշխող կուսակցությունն աջակցություն ստանալու համար այլ ուժերի կարիք կունենա:

Թե ինչ զարգացումներ կլինեն հետագա ընտրություններում՝ ապագայի  հարց է, իսկ Թուրքիայում բնակվող հայերի վրա այս ընտրությունները որևէ ազդեցություն չեն ունենա։ Հայերը կշարունակեն իրենց բնականոն կյանքը՝ վստահեցնում է  Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը.

«Սակայն երկիրը ալեկոծությունների մեջ է: Երկիրն իր ուղղությունը փոխած է։ Մի քանի տարի առաջ, եթե քվեարկություն լիներ դեպի Եվրոպա ուղղության հարցով, մեծ մասը «Այո» կասեր, այսօր սակայն «Ոչ» կասեն անշուշտ: Դա վարվող քարոզչության հետևանք է։ Այսօրվա համակարգն էլ տակնուվրա արվելու ապագա ունի: Զբոսաշրջությունը պակասել է։ Բոլորս էլ՝ հայ, չերքեզ, զազի, մտահոգված ենք երկրի ապագայի  համար»:

Հանրաքվեից հետո հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելով՝ Լևոն Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ հակահայկական քաղաքականությունը կշարունակվի Թուրքիայում:

Բագրատ Էստուկյանը այսօր բարեբախտություն է համարում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի կասեցումը:

«Եթե դրացիդ բարի չէ, պետք էլ չէ  բարիդրացիություն հաստատել»:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով՝ ալեկոծվող Թուրքիայում տեղի ունեցող գործողությունները կազդեն արտաքին քաղաքականության վրա: Թուրքիան գնալով դառնում է անկանխատեսելի, ինչը բերում է ագրեսիվության թե երկրի ներսում, թե երկրից դուրս: ԵՄ հետ հարաբերությունների հարցը հուսադրող չէ:

«Կարող է դառնալ ավելի քիչ վերահսկելի միջազգային հանրության կողմից ու հավակնություններն այդ երկրի կյանքի կոչելու փորձեր կտեսնենք»:

Անկարայից փորձագետ Դիանա Յալոյանը ձեռնպահ մնաց կարծիք հայտնել Արևմուտքի հետ հարաբերությունների ապագայի մասին, դեռ վաղ է կանխատեսել՝ ասաց:

«Ակոսի» խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով՝ միջազգային հարաբերությունների թեման կեղտոտ հարց է և դժվար է ասել, թե ինչ կլինի: Նա թեև կարծում է, որ ԵՄ անդամակցության գործընթացի դադարեցման մասին Էրդողանի հայտարարությունն սպառնալիք է, սակայն հորդորեց սպասել  հետագա զարգացումներին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button