ԿարևորՏնտեսական

Վտանգավո՞ր է պարտքի շեմը. պաշտոնյաների եւ փորձագետների կարծիքը չի համընկնում

Ֆինանսների նախարարության տվյալներով` 2017թ մարտի 31-ի դրությամբ` ՀՀ պետական պարտքը մոտ 5 մլրդ 996 մլն դոլար է: Հատկանշական է, որ այստեղ առյուծի բաժինը պատկանում է ՀՀ կառավարությանը, որի պարտքը կազմում է 5 մլրդ 478 մլն դոլար:  Ֆինանսների նախարարությունից շարունակում են փարատել  մասնագետների՝ պարտքը վտանգավոր  սահմանագծին է  մոտեցել մտահոգությունները:

 

Տարբեր հաշվարկներով` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ կամքից   տարիքից ու սեռից,  անգամ ցանկությունից մոտ 2000 դոլար պարտք ունի։ Հայաստանի տնտեսական աճը ութ անգամ պակաս է արտաքին պարտքից՝ ասում են տնտեսագետներն ու անհանգստանում՝ շուտով  մեր երկիրն ի վիճակի չի լինելու կատարել իր պարտքային պարտավորությունները:  Ֆինանսների նախարարությունն էլ  շարունակում է պնդել՝ անհանգստանալու կարիք չկա:

Պարտքը կառավարելի է, ավելին, պարտք վերցնելն անխուսափելի է՝ տնտեսության զարգացման համար: Ֆինանսների նախարարության պետական  պարտքի կառավարման վարչության պետ   Արշալույս Մարգարյանը  փարատում է  մասնագետների՝   պարտքը վտանգավոր սահմանագծին է մոտեցել,  մտահգությունը:  «Եթե տնտեսական աճն այսպես շարունակվի, ապա պարտքը սպասարկելու որեւէ խնդիր Հայաստանը չի ունենա»,- ասում է։

Պաշտոնյան ավելի շատ  պարտքի սպասարկման   տոկոսագումարներով էր մտահոգում: Եթե երեք տարի առաջ այն կազմում էր բյուջեի մոտ 1,5-2 տոկոսը, ապա 2016-ին՝ շուրջ 9 տոկոս է կազմել:  Լուծման միակ ճանապարհը՝ տնտեսական աճն ու ՀՆԱ-ի աճի բարձր տեմպն է՝ կարծում է Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։ Նա ավելի շատ նախապատվությունը տալիս է ներքին պարտքին։ Պարզաբանում է՝   «պլանավորված 40 մլրդ դրամի փոխարեն ներքին շուկայից 170 մլրդ դրամ ենք վերցրել: Դա Հայաստանի՝ պարտքի կառավարման որդեգրած քաղաքականությունն է։ «Ոչ մի կասկած չկա, որ ներքին շուկայից վերցված պարտքը շատ ավելի լավ է»,- ասում է։

Արտաքին պարտքի դեպքում պատկերը այլ է, ոչ միայն գումարն ես վերադարձնում, այլ նաև  աշխատած  հավելյալ արժեքը, ինչը վատ է՝ շեշտում է Արշալույս  Մարգարյանը:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ վերջին տարիներին  պետական պարտքը հիմնականում  արտաքին պարտքից էր բաղկացած՝ միջազգային ընկերություններից ու արտերկրից ենք պարտքեր կուտակել:  Սա մեզ համար ձեռնտու չէ: «Ցանկացած վարկ, որը տրամադրվում է,  ունի հստակ պայմաններ»։

Մինչդեռ՝ ներքին պարտքի դեպքում, երբ պետությունը սեփական ժողովրդից է  պարտք վերցնում՝ պարտատոմսեր վաճառելով, դրա դիմաց է գումար ստանում, իր հայեցողությամբ իրականցնում է  առաջնահերթություն ունեցող ծրագրերը,  գումարները կարող է ավելի ազատ օգտագործել:  Տնտեսագետը հիշեցնում է, որ  գլոբալ ֆինանսական ճգնաժամի  երկրորդ ալիքը  եվրոպական երկրներում տեղի ունեցավ, քանի որ արտաքին պարտքը գերազանցում սահմանված շեմը։

ԱՄՀ-ն նման շեմ համարում է ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Կան երկրներ, որոնք ավելացրել են պետական ներքին պարտքն ու կանգնել ֆինանսական ցնցումների առաջ։ Օրինակ, Ռուսաստանում 1998 թ դեֆոլտն ու ճգնաժամը։

Հայաստանի պարտքային կառուցվածքում, 2017թ մարտի 31-ի տվյալներով, առյուծի բաժինը՝ 1/3- ը Զարգացման միջազգային ընկերակցությանն է։ Նրանք հաջորդում են Վերկառուցման ու զարգացման եվրոպական եւ Ասիական զարգացման բանկերը։  Առաջին հնգյակը եզրափակում է ԱՄՀ-ը՝ 3,6 տոկոսով: Վերջինիս առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին  վերջերս Երևանում էր: Նա կարծում է, որ  կառավարությունը  չպետք  է այնքան պարտքեր վերցնի, որ չկարողանա  դրանք մարել: «Ակնհայտ է, որ պարտքի մակարդակը աճողական հետագիծ ունի։ Կառավարությունը այնպես պետք է անի, որ այդ մակարդակը վերահսկելի լինի։ Մեր  գնահատմամբ, պարտքի մակարդակը թեպետ հարաբերականորեն ավելի  բարձր է, ներկայիս քաղաքականությունից  ելնելով պարտքի այդ մակարդակը դեռևս տանելի է»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ընդգծում է, որ Հայաստանը հատել է   նախատեսված շեմը:  Հիշեցնում է, որ  արդեն իսկ   տարանջատվել է  ԿԲ պարտքը կառավարության պարտքից։ Սա նույնպես ռիսկային սահմանագծի մասին է  խոսում: Մեկ այլ հարց է, թե ինչպես են ծախսվել գումարները։ «Ցավոք  սրտի անկախության գոնե առաջին երկու տասնամյակներում սարսափելի անարդյունավետ է  եղել»:

«Այլընտրանք»   հետազոտական կենտրոնի տնօրենը վստահ է՝ կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի պարտքային ռեսուրսների օգտագործմանը: Բեռը ծանր է և ներկա, և ապագա սերունդների համար:  Ի դեպ, կառավարության որոշմամբ, ապրիլի 25-ից ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը Կենտրոնական բանկից տեղափոխում են «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ» բորսայի հարթակ: Մինչ օրս ներքին պարտքի հետ կապված բոլոր խնդիրները ֆիննախը լուծել է Կենտրոնական բանկի հետ, որն իրականացրել է պարտքի թողարկման, բաշխման, մարման հետ կապված բոլոր հարցերը:

Ցուցադրել ավելի
Back to top button