Վերլուծական

Թուրքիան՝ հանրաքվեից հետո. մեկնաբանում են թուրքագետները

Լուսանկարը՝ AFP- ի

Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով Անկարան իրեն հեռացրեց Եվրոպայից` եզրակացնում է թուրքագետ Սարգիս Հացպանյանը: Բայց, նրա կարծիքով, Էրդողանն այս աննախադեպ ընտրակեղծիքներից հետո ավելի զուսպ կլինի: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով էլ՝ Թուրքիան գնում է միանձնյա կառավարման և կարող է ավելի կանխատեսելի դառնալ:

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի` Էրդողանի համար դրական՝ 51 տոկոսից քիչ ավելի արդյունքը կանխատեսելի էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համար։ Բայց պետք է հաշվի առնել, որ հարեւան երկրի ավելի զարգացած շրջանները «Ոչ» են ասել հանրաքվեին։ Էրդողանի լիազորությունների օգտին քվեարկել է հիմնականում պակաս զարգացած շրջանների բնակչությունը։

«Ոչ»-ի շարքերում են նաև քրդաբնակ շրջանները: Դրական արդյունքի վրա վճռորոշ դերակատարում է ունեցել Եվրոպայում ապրող թուրքերի ձայնը: Թուրքագետի խոսքով՝ եվրոպական երկրներում բնակվող  5 մլն-ից ավեի թուրքերն «Այո» են ասել և հենց նրանց ձայներն ստանալու համար էլ վերջերս լարվեցին Անկարայի եւ Բրյուսելի, Թուրքիայի եւ ԵՄ անդամ մի շարք երկրների հարաբերությունները։  Բացի դա` «բանտերում նստած են «Ոչ»- ի կողմնակից կուսակցության անդամները»:

Թուրքագետ Սարգիս Հացպանյանի կարծիքով էլ՝ Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեն ընթացել է աննախադեպ ընտրակեղծիքներով: Խոսքը 2,5- 3 մլն- ի հասնող կեղծիքների մասին է. Ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են դիմել դատարան՝ բողոքարկելու արդյունքները։

Սիրիական խնդրով և քրդական ինքնավարության մտավախությամբ պայմանավորված՝  Թուրքիան չի կարող այսօր տարածաշրջանում Իրանի նման  առանձին խաղացող լինել, ասում է Հացպանյանը: Նա կարծում է, որ առաջիկա գոնե երկու տարում Էրդողանն ավելի զուսպ կլինի իր քայլերում։

Ի տարբերություն սրա՝ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ  Թուրքիան գնում է միանձնյա կառավարման և պանթուրքիստական միտումների վրա հիմնված Էրդողանի քաղաքականությունն ավելի կկոշտանա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա Թուրքիայի նախագահին առաջիկա տարիներին այն ընդհանրապես չի հետաքրքրի։

Ցուցադրել ավելի
Back to top button