Միջազգային

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքներով առջևում «այո»-ն է

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած պատմական սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ բացված քվեատուփերի 98.40 տոկոսի արդյունքում պարզվել է, որ «այո»-ի օգտին է քվեարկել ընտրողների 51.32 տոկոսը, իսկ «ոչ»-ի օգտին՝ 48.68 տոկոսը:

Ուշագրավ է, որ երկրի խոշորագույն քաղաքներում՝ մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, հաղթել է «ոչ»-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն շնորհավորել է վարչապետ Բինալի Յըլդըրըմին և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դենիզ Բահչելիին հաղթանակի կապակցությամբ:

Երկրում հայտարարված արտակարգ իրադրության պայմաններում անցկացվող հանրաքվեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից հետո երկրի կառավարման համակարգում նախատեսում է ամենամասշտաբային փոփոխությունները: Ընդհանուր առմամբ, փոխվելու է գործող սահմանադրության 18 հոդված: Համաձայն այս փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների՝ այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին համապատասխանող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց:

Մյուս փոփոխություններով՝ նախատեսվում է մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միևնույն օրը:

Սահմանադրական հանրաքվեում «այո»-ի հաղթանակի պարագայում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:

Ցուցադրել ավելի
Back to top button