ԿարևորՏնտեսական

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկման կոնկրետ ժամկետներ չեն նշվում


Վրաստանի իշխանությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման կոկրետ ժամկետներ դժվարանում են նշել: Ի պատասխան Թուրքիայի պաշտոնյաների վերջին հայտարարությունների, թե երկաթգիծը կգործարկվի հունիսին, Վրաստանում  ասում են, որ հենց Թուրքիայում դեռ չեն հասցնում  ավարտել մեծածավալ շինարարական աշխատանքները:

Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև 2007թ.-ին ստորագրված պայմանգրով նախատեսվում էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումն ավարտել 2012թ.: Սակայն, երկաթուղային ճանապարհի գործարկման ժամկետները հետաձգվում են: Չնայած ամեն տարի ժամկետի առումով հնչած հայտարարություններին, երկաթգիծը երեք երկրներում էլ դեռ շինարարության  փուլում է: Ընդ որում Թուրքիայում մեծածավալ աշխատանքներ են առջևում:

Իրատեսական է արդյոք Թուրքիայի Կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանի հայտարարությունն այն մասին, որ երկաթուղին հունիսից կգործարկվի: Հարցին երկաթգծի վրացական հատվածի շինարարությունն իրականացնող Մարաբդա-Կարծախի ընկերությունից ի պատասխան ուղարկեցին օրեր առաջ ընկերության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլիի հարցազրույցը, որտեղ վերջինս նշում է. «Մենք ողջունում ենք Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը: Սակայն, կարծում ենք, որ առկա մեծածավալ աշխատանքները նշված ժամկետում  թուրք գործընկերները դժվար կկարողանան  ավարտել: Եթե նրանք հասցնեն, մենք պատրաստ ենք: Երկաթգծի գործարկումն արդեն մի քանի անգամ հետաձգվում է. Նախատեսված էր ավարտել 2012թ.` չհասցրին: Այդ ժամանակվանից ի վեր թուրք գործընկերները հետաձգում են նախագծի մեկնարկը»:

Այսպես է արձագանքում երկաթգծի վրացական հատվածի ղեկավարը Թուրքիայի մեկ այլ պաշտոնիայի`արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ մինչև հունիս նախագծի գործարկման մասին արած նմանատիպ հայտարարությանը:

Վրաստանում շինարարարկան աշխատանքները գրեթե ավարտին են հասցվել, այժմ սպասում են Թուրքիային` ենթակառուցվածքայինը համատեղ սկսելու համար:  Ասել է Բիչիաշվիլին:

Երկաթգծի Մարաբդա-Կարծախի հատվածի փոխտնօրեն Լևան Կանկավան «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ հայաբնակ Սամցխե Ջավախեթիով անցնող երկաթգիծը զարկ կտա նաև շրջանի զարգացմանը` տեղի բնակչությանն ապահովելով  նոր աշխատատեղերով. «Իհարկե, նոր աշխատատեղեր են ստեղծվելու տեղի բնակչության համար:  Առաջին փուլում հավանաբար հազար աշխատատեղ կլինի: Իսկ հետագայում  բեռնափոխադրումների ծավալի ավելացման հետ կավելանան դրանք: Մինչ այսօր էլ ըստ պայմանգրի, աշխատակիցների 80 %  Վրաստանի քաղաքացիներ են եղել»:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության  Տրանսպորտային քաղաքականության բաժնի ղեկավար Քեթևան Սալուկվաձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրել էր.

«Այս նախագիծը մեծ փոփոխություններ է բերելու, բացի այդ այն դառնալու է տնտեսական կայունության երաշխիք ոչ միայն ծրագրի երեք մասնակից, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»:

Հայաստանը շրջանցող այս նախագիծը տարբեր գնահատականների է արժանացել. ԱՄՆ-ի Կոնգրեսը արգելել է  ամերիկյան կառավարությանը ֆինանսական օժանդակություն տրամադրել երկթգծի կառուցմանը: Իսկ Հայաստանը ի սկզբանե  դեմ է արտահայտվել ծրագրին` առաջարկելով շահագործել արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը:

Թբիլիսիի Տնտեսգիտության միջազգային դպրոցի (ISET) ղեկավար, տնտեսագետ  Էրիկ Լիվնին, սակայն, կարծում է, որ  այս նախագիծը լայն հնարավորություններ է բացում նաև Հայաստանի համար.«սա հնարավորություն է նաև հայկական բեռների փոխադրման համար:  Ես Հայաստանի պաշտոնապես մասնակցության մասին չեմ խոսում: Բայց հայկական լոլիկների կամ կարտոֆիլի վրա  գրված չէ  հայկական.  վրացական ընկերությունը վերցնում է օրինակ հայկական  կարտոֆիլը, տեղավորում գնացքում և  Թուրքիայով  հասցնում  Եվրոպա»:

Ցուցադրել ավելի
Back to top button