Հասարակություն

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

Այսօր 20-րդ դարի Հայաստանի ամենանշանակալի պետական և քաղաքական գործիչներից մեկի` Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Դեմիրճյանը այսօր կդառնար 85 տարեկան:

Հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում: 1949 -ին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954-ի`ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն:

Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954-ի Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը:1955-ի նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:

Կարեն Դեմիրճյանի աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ: Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները: Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև` ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը:

1958-ի Կ. Դեմիրճյանն ընտրվել է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959 – 1961-ին Կ.Ս. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարան, աշխատում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962 -ից սկսած` դիրեկտոր: Նրա ղեկավարությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի հաջողություների հասավ արտադրության արդյունավետության բարձրացման, ներքին ռեզերվների ռացիոնալ օգտագործման, նոր արտադրատեսակների յուրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, նրա որակի և հուսալիության բարելավման ուղղությամբ:

1966-ին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա` 1971 -ի նոյեմբերի 1` երկրորդ քարտուղար:1972 -ին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ: 1974 թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ:

Պարգևատրվել է` Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով:1985 -ին ԽՍՀՄ-ում ,Վերակառուցմանե կուրս հռչակվեց:Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները:

ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988 :1991 թ. մինչև 1999 -ին Կ.Ս. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը` «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն:Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ.Ս. Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության:1998 -ի`.նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու:

1999 թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ` հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները:

1999 -ին հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան:

Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:

Ցուցադրել ավելի
Back to top button